Նուբարաշենի բնակիչ, 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանը, որը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է, ոստիկանություն կներկայանա միայն քննչական գործողությունների ավարտից հետո: Այս մասին NEWS.am-ին ասաց Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

«Այս գործով անձինք են ներկայացել, ցուցմունք են տվել, նրանց միջեւ առերեսումներ պետք է լինեն, որից հետո միայն իմ պաշտպանյալը կներկայանա ոստիկանություն: Եթե քննչական գործողությունները շուտ արվեն, իսկ Սեդրակ Օսիպյանն էլ ներկայանա, հնարավոր է, որ առաջիկա մեկ-երկու ամիսներին նախաքննությունն ավարտվի»,- ասաց նա:

Փաստաբանը նորից պնդեց, որ Վալերի Օսիպյանի եղբորորդին Հայաստանում է եւ ինքնակամ է ներկայանալու բաժին:

Նշենք, որ Սեդրակ Օսիպյանին հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա գտնվում է հետախուզման մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Այնուհետեւ, արդեն գործով վկա Սարգիս Հովհաննիսյանի մայրը՝ Սուսաննա Հովհաննիսյանը, աղմկահարույց հայտարարություն էր արել այն մասին, թե հունիսի 1-ին Դավիթաշենում Վալերի Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ տեղի ունեցած դանակահարության դեպքից հետո փոխոստիկանապետն առաջարկել է, որ իր որդին` Սարգիս Հովհաննիսյանը, կատարվածի մեղավորությունը վերցնի իր վրա, իսկ փոխոստիկանապետը կօգնի, որ գործը «ջրեն»: Մամուլի հրապարակումների հիման վրա ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել: