Հայաստանում սատանայապաշտները կարող են որպես կազմակերպություն գրանցվել, քանի որ օրենքն անկատար է, եւ դրանց գրանցումը թույլ է տալիս: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողներին ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
«Մենք չենք սիրում խոսել սատանայապաշտների եւ ընդհանրապես աղանդավորների մասին, որովհետեւ դա փակ թեմա է: Սակայն դա բավական լուրջ թեմա է՝ նույնիսկ ԱՄՆ-ում նրանք եկեղեցի ունեն, բանակում՝ դասակ, եթե Հայաստանում էլ ուզենան, 200 հոգի կհավաքվեն ու կազմակերպություն կգրանցեն՝ հիմքը դնելով սատանայապաշտական աստվածաշնչին: Ոչ մի խնդիր չի առաջանա, օրենքով կգրանցեն, քանի որ մեր օրենքը անկատար է, որովհետեւ մենք չենք կարող չգրանցել»,-ասաց նա:
Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ իրենց կենտրոնը 2006թ. ուսումնասիրել է սատանայապաշտներին. «Իրենք փոքր՝ 15-20 հոգանոց խմբերով ենք գործում, եւ մոտ 20 նման խումբ կա Հայաստանում»:
Կենտրոնի տնօրենի խոսքով՝ սատանայապաշտների թիվը Հայաստանում մոտ 3000-ն է:
«Հայաստանի սատանայապաշտները հիմնականում մասնակցում են դրսում՝ Բելառուսում, սատանայապաշտների բոլոր արարողություններին: Ասում են՝ սատանայապաշտական մի նոր խումբ կա, որը գործում է Էրեբունիում, բայց դա դեռ ուղղակի խոսակցություններ են: Սակայն եթե հաստատվեց, ապա երիտասարդների նոր խումբ կունենանք, որոնք օգտագործում են դաժան ծիսակատարությունների ձեւերը»,-ասաց կենտրոնի տնօրենը:
Ալեքսանդր Ամարյանը փաստեց, որ Հայաստանում գործող աղանդների մասին օրենքի թերի լինելու պատճառով ոչ մի պետական կառույց իրավունք չունի մտնել կրոնական կազմակերպություն եւ ստուգումներ կատարել ներսում:
«Ցանկացած կրոնական կազմակերպություն դա պետություն է պետության ներսում, մենք միայն վերցնում ենք մարդու իրավունքների կանոնադրության 9-րդ հոդվածի առաջին մասը, որ մարդը ունի դավանանքի ազատություն, սակայն երկրորդ մասին ոչ մեկը չի անդրադառնում, որովհետեւ երկրորդ մասում սահմանափակումներն են տրված, եթե նրանք վտանգում են ազգային անվտանգության, հասարակական անվտանգության ոլորտը, կարելի է նրանց սահմանափակել, եւ սա մենք մոռանում ենք»,-ընդգծեց Ամարյանը:
Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում կա կրոնական ոստիկանություն, կամ ոստիկանությունում մի բաժին, որը զբաղվում է կրոնական կազմակերպություններում կատարվող հանցագործություններով:
«Հայաստանում չկա, մենք մարդու իրավունքներն ենք խախտում իբր, այդ թեմայով էնքան աղմուկ հանեցին իրավապաշտպանները, որ նման կառույց մեզ մոտ չստեղծվեց»,-ասաց Ամարյանը:





























