Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն անցկացրեց իր անդրանիկ աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՔԿ վարչության պետի տեղակալները, բաժնի պետերը, ՔԿ վարչության եւ հիմնարկների ղեկավար անձնակազմը:

Վարչության պետը նշեց, որ չնայած կարճ ժամանակահատվածին, հասցրել է ծանոթանալ ծառայության գերակա խնդիրներին: Նա նշեց, որ այցելել է մի քանի քրեակատարողական հիմնարկ, ինչը շարունակական է լինելու:

Անդրադառնալով համակարգում կոռուպցիոն ռիսկերին՝ Ա. Օսիկյանը կարգադրեց ծառայությանն էլ ավելի սրտացավ լինել, իրենց առջեւ դրված պարտականությունները պատշաճ կատարել:

Հանձնարարվեց կազմակերպել քրեակատարողական հիմնարկների պատշաճ պահպանությունը՝ հնարավոր փախուստի փորձերը բացառելու նպատակով:

Վարչության պետը կարգադրեց հատուկ ուշադրություն դարձնել դատապարտյալների հետ տարվող սոցիալ-հոգեբանական եւ իրավական բնույթի աշխատանքներին, նրանց կենցաղ-տնտեսական պայմաններին եւ բժշկական օգնությանը:

Խորհրդակցության ընթացքում Արթուր Օսիկյանը պահանջեց խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը եւ հանձնարարեց բացառել դատապարտյալների նկատմամբ երկակի մոտեցումները:

Առանձնակի կարեւորելով քրեակատարողական ծառայողների կարգապահությունը՝ վարչության պետն անդրադարձավ ծառայողների ուսուսմնական պարապմունքների պարբերաբար եւ ոչ ձեւական անցկացնելուն:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին Արթուր Օսիկյանը կոնկրետ պահանջներ եւ հանձնարարականներ տվեց քննարկված հարցերի կատարման վերաբերյալ: