Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մոտ 2013թ. ապրիլին տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող 17-ամյա Հայկ Աղամալյանին 10 տարվա ազատազրկման դատապարտելու մեղադրողի պահանջը հարազատները համարում են անարդար՝ պնդելով, որ Հայկի մեղավորությունն ապացուցված չէ:
NEWS.am-ի հետ զրույցում 17-ամյա Հայկի մայրը հայտնեց, որ իրենք մինչեւ վերջ պայքարելու են՝ արդարության հասնելու համար:
«Իրենց պահանջելը շատ քիչ է, դատական բժիշկն էլ դատին երեք անգամ կրկնեց, որ Հայկը չէր կարող նման հարված հասցնել, բայց դա դատախազը հաշվի չառավ: Եթե մի դատախազ չի կատարում գլխավոր դատախազի հանձնարարականն այն մասին, որ պետք է նորից քննություն անցկացնել, ապա ի՞նչ պահանջես, ի՞նչ արդարության մասին է խոսքը»,- ասաց տիկին Նարինեն:
Նրա խոսքով՝ 19-ամյա Տիգրան Հայրապետյանին սպանել է Կարեն Հարությունյանը, որին բոլորը թաքցնում են. «Կարեն Հարությունյանն է առաջնորդել խմբին, կռվի տղաներին հավաքել է Կարեն Հարությունյանը, իմ տղան չէր կարող առաջնորդել տղաների, որոնց չի էլ ճանաչում: Իսկ Կարենին դատախազն է օգնել հանել երկրից, մենք մի քանի անգամ պահանջեցինք Կարենին գտնեն, բերեն, բայց ապարդյուն, նույնիսկ տուժողի հայրը չցանկացավ, որ Կարենին արտերկրից բերեն»:
Նշենք, որ սեպտեմբերի 9-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող Հակոբ Մելքոնյանն իր ճառում հայտնեց, որ գործի նախաքննության եւ դատաքննության արդյունքում ամբողջությամբ հիմնավորվել է 19-ամյա Տիգրան Հայրապետյանի սպանության մեջ Հայկ Աղամալյանի մեղավորությունը: Նա պահանջեց 10 տարվա ազատազրկում: Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 29-ին:
Հիշեցնենք, որ 17-ամյա Հայկ Աղամալյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Դավիթ Մանուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 334 հոդվածի 1-ին մասերով:





























