Հայաստանում էմո երիտասարդական ենթամշակույթի ներկայացուցիչների գործած ինքնասպանությունները չեն բացահայտվում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողներին ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:
«Եթե էմոյականը ինքնասպանություն է գործել, ոստիկանությունը չի ասում, որ իրեն դրդել են, սակայն էդ շարժման մեջ մտնող երեխային արդեն դրդում են, իրեն ինքնասպանության օր են ասում, նույնիսկ ժամ են ասում, այսինքն՝ մարդկանց զոմբիացնում են»,-ասաց նա:
Կենտրոնի տնօրենը նշեց, որ Էմո ենթամշակույթի անդամներն այն պատանիներն են, որոնք միայնակ են, ծնողական ուշադրությունից դուրս են մնացել: «Երեխան իրեն մենակ զգալով ընկնում է մի այլ՝ փոքր միջավայր, որտեղ հավաքվում են իր նմանները՝ միայնակները: Բայց էդ խմբավորման մեջ մի այսպիսի բան կա, որ բոլորը, որպես բունտ մինչեւ 17 տարեկան պիտի կատարեն ինքնասպանության փորձ, որը թեթեւ բան չպիտի լինի, այլ լուրջ փորձ, կփրկեն, կփրկեն, չէ, ուրեմն կմահանա»,-ասաց Ամարյանը:
Կենտրոնի տնօրենը նշեց, որ իրենք 2005-2006թթ, երբ իրենք առաջին անգամ ուսումնասիրեցին էմոականներին, մեծ աղմուկ բարձրացավ, եւ դրանից հետո բոլոր այն երիտասարդներին, որոնք ինքնասպանություն էին գործում, էմո էին անվանում:
«Էմոն ունի իր հատկանիշները, խորհրդանիշները, որով կարելի էր ճանաչել, որն է էմո, որը ոչ: Հետագայում էմոներին որոշեցին ուժային մեխանիզմով դաստիարակել, որ ինքնասպանության փորձ չկատարեն: Ոստիկանությունը նրանց հետ պրոֆիլակտիկ աշխատանք տանելու փոխարեն տարավ ուժային աշխատանք՝ բոլորին հավաքեցին, բերեցին ոստիկանություն, տղաներին մշակեցին, աղջիկների վրա գոռացին, եւ նրանք անցան ընդհատակ: Բայց էս վերջերս կարծես ակտիվացել են, հիմնականում «Մալիբու» սրճարանի մոտ գտնվող այգում են հավաքվում»,-ասաց Ամարյանը:
Կենտրոնի ղեկավարը նշեց, որ միջազգային նորմերով 1 աղանդավորին «հետ բերելու» համար պահանջվում է 2-7 տարվա ամենօրյա աշխատանք, եւ 900 հազար դոլար գումար. «Հայաստանում նման գումար ոչ մեկ չի ծախսի, ու՞մ է պետք աղանդավորը, ոչ մեկին»:





























