ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ պատմության եւ հայ բանասիրության ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

Հանրապետության նախագահը նախ այցելել է հայ բանասիրության ֆակուլտետ, դիտել հոբելյանին նվիրված ցուցահանդեսը, զրուցել պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Այնուհետեւ Սերժ Սարգսյանը ԵՊՀ գլխավոր մասնաշենքում մասնակցել է համալսարանի վերոնշյալ ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ, գիտության եւ կրթության բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի, երկարամյա եւ արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ պարգեւատրվել են ՀՀ պետական պարգեւներով եւ ՀՀ նախագահի շնորհակալագրերով:

Հանդիսավոր նիստի ժամանակ Հանրապետության նախագահը հանձնել է պետական պարգեւներն ու շնորհակալագրերը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողությանը շնորհավորել հոբելյանի առթիվ: «Երեւանի պետական համալսարանն անգնահատելի ավանդ ունի Ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի վերածննդի, Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կայացման գործում, եւ այս դահլիճում նստածներից շատ-շատերն ու նաեւ ձեր նախորդներն ունեն սեփական ներդրումն այդ ավանդում: Շնորհակալ եմ բոլորիդ»,-շնորհավորական խոսքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: