Աղիքային սինդրոմ ախտորոշմամբ երեկ՝ սեպտեմբերի 10-ին, աղիքային սինրոմ ախտորոշմամբ Կապան հիվանդանոց է ընդունվել եւս մեկ բնակիչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կապանի բժշկական կենտրոնի ղեկավար Սմբատ Օրբելյանը:
Նա նշեց, որ այդ քաղաքացու վիճակն այսօր արդեն բավարար է: Ինչ վերաբերում է աղիքային սինդրոմով ավելի վաղ այդտեղ տեղափոխված 16 անձանց, ապա տնօրենի փոխանցմամբ՝ նրանց այսօր կամ վաղը դուրս կգրեն, բոլորի վիճակը լավ է, անհանգստանալու ոչինչ չկա, պարզապես սպասում են անալիզների վերջնական պատասխանին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ աղիքային սինդրոմ ախտորոշմամբ վերջին 2-3 օրերին Կապանի բժշկական կենտրոն է ընդունվել 16 հոգի: Քաջարանից տեղափոխվել է 7 մեծահասակ եւ 6 երեխա, եւս 3 մեծահասակ էլ տեղափոխվել է Կապանից: Տեղափոխված անձանց մոտ առկա է թուլություն, մրսածության, մարսողության խանգարում, թեթեւ փորլուծություն, ջերմություն: Առայժմ հայտնի չէ, թե վարակի աղբյուրը որն է: Սմբատ Օրբելյանը շեշտեց, որ աղիքային ինֆեկցիայի մասին խոսելը վաղ է, հետազոտությունները պետք է հաստատեն, որ դա ինֆեկցիա է:





























