Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հունիսի 29-ին տեղի ունեցած ավերիչ քամու հետեւանքով վնասված տանիքների եւ պատուհաններն ամբողջությամբ փոխվել են: Այս մասին NEWS.am-ին ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

«Մնացել են մանր-մունր աշխատանքներ՝ կապված պատուհանների ապակիների հետ, մի քանի օրից դրանք էլ կավարտենք եւ կատարած աշխատանքները կներկայացնենք: Ամեն դեպքում կառավարության տրամադրած 20 մլն դրամը լրիվ բավականացրեց»,- ասաց մարզպետը:

Նշենք, որ կառավարությունը դեռ հուլիսի 3-ին էր որոշում կայացրել վարդենիսցիներին տրամադրել 20 մլն դրամ: Չնայած մարզպետը նշում է, որ անհրաժեշտ աշխատանքները կատարվում են, շատ վարդենիսցիներ շարունակում են բողոքել՝ նշելով, որ որակյալ տանիք չեն ստացել:

Ավելի վաղ  NEWS.am-ը  հաղորդել էր, որ  հունիսի 29-ին Վարդենիսում ուժեղ հողմ էր գրանցվել, ինչի հետեւանքով ամբողջությամբ պոկվել էին 10 տների, մասնակիորեն՝  90 տների կտուրներ, ջարդուփշուր էին եղել ապակիներ, շրջվել էր 20-ից ավելի էլեկտրասյուն, վնասվել էր նաեւ Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցի տանիքը: