Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում սեպտեմբերի 4-ին տեղացած կարկուտը վնասել է շուրջ 800 բնակելի տան եւ 13 բազմաբնակարան շենքի տանիք: Այս մասին NEWS.am-ին ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ այս պահին հանձնաժողովը հաշվարկում է, թե ինչքան գումար է հարկավոր վերականգնման համար:
«Երբ հայտնի կլինի գումարի չփաը, կդիմենք կառավարություն՝ օգնություն ստանալու համար, իսկ առայժմ աշխատանքներ են ընթանում»,- նշեց մարզպետը:
Նշենք, որ ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Ճամբարակ համայնքի ղեկավար Յուրիկ Ավալյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 4-ին ժամը 15.30-ի սահմանում մոտ կես ժամ ձվի մեծության կարկուտ է տեղացել:
«Վնասվել են համայնքի գրեթե բոլոր տեսակի ազբոշիֆերները, կարկուտի հատիկները ուղղակի ծակել, անցել են շիֆերների միջով, ապակիներ են կոտրվել, վնասվել են մեքենաներ. մի խոսքով, ինչի կարողացել ա, կարկուտը վնաս ա հասցրել, անհավանական մեծության էր հասնում, տենց բան չէինք տեսել»,- ասել է նա:





























