Հայաստանի արդարադատության համակարգում գրանցվել է առաջընթաց, բայց ԱՄՆ-ն կշարունակի համագործակցությունը, որպեսզի որքան հնարավոր է լավ արդյունքի հասնի, սեպտեմբերի 11-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառության թեմայով տարածաշրջանային կոնֆերանսի ընթացքում լրագրողներին ասել է ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը:
Ըստ դեսպանի՝ սա շատ կարեւոր կոնֆերանս է, որը միավորում է ԱՄՆ-ի եւ Հայաստանի համագործակցության լայն շրջանակ, մասնավորապես՝ իրավական ոլորտում համագործակցության:
«Այս տարեսկզբին թմրանյութերի առգրավման դեպքերը ցույց տվեցին՝ ինչպես է միջազգային համագործակցությունը նպաստում ժողովուրդներին այդ լուրջ հանցագործություններից եւ ռիսկերից պաշտպանելուն: Կոնֆերանսի նպատակն է խորացնել մեր համագործակցությունը եւ փորձի փոխանակման միջոցով կատարելագործել նման հանցագործությունների դեմ պայքարը», - նշել է Հեֆերնը: Դեսպանը նաեւ հավելել է, որ կոնֆերանսին մասնակցելու համար ԱՄՆ-ից ժամանել են աշխատանքային մեծ փորձառությամբ մասնագետներ՝ դաշտային մեկ դատավոր եւ փորձառու մեկ դատախազ:
«Դատաիրավական համակարգի տարբեր ուղղություններով մենք Հայաստանի հետ համագործակցում ենք արդեն 10 տարուց ավելի: Յուրաքանչյուր երկրում այս ոլորտում շատ անելիք կա, ճակատամարտը երբեւէ չի ավարտվում եւ դյուրին չէ անգամ ԱՄՆ-ում: Ես Միսուրի նահանգի Սենթ Լյուիս քաղաքից եմ: Վերջերս մեզանում լուրջ վեճի առիթ էր դարձել ողբերգական միջադեպը, երբ ոստիկանը կրակելով սպանել էր անզեն քաղաքացուն: Ես այս պատմության մանրամասները չգիտեմ, բայց ցանկանում եմ ասել, որ շատ բարդ է հետաքննել այս գործը եւ դատական արդար որոշում կայացնել, որը կբավարարի բոլոր կողմերին», - նշել է Ջոն Հեֆերնը:





























