Դիլիջանում դեռեւս 2013թ դեկտեմբերին հնչած կրակոցների գործով, որի հետեւանքով մահացել էր տեղական հեղինակություն «Նավոն» եւ Թեղուտի գյուղապետի որդին, որեւէ առաջընթաց չկա: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ գործը գտնվում է քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում, ձերբակալվածներ չկան:
Թեղուտի գյուղապետի որդին՝ Արագած Թամրազյանը, դեռ գտնվում է հետախուզման մեջ: Գյուղապետն էլ դեպքից հետո ընդահանրապես չի պատասխանում հեռախոսազանգերին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 24-ին Դիլիջանում երիտասարդների երկու խմբի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որին հետեւել են կրակոցներ: Կռվի պատճառը եղել է նախկինում ունեցած անհաշտ հարաբերությունը: Վիրավոր երիտասարդներից մեկին՝ Թեղուտի գյուղապետի 34-ամյա որդուն՝ Արտավազդ Թամրազյանին, տեղափոխել են Երեւանի բժշկական հաստատություններից մեկը, որտեղ եւ նա մահացել էր։
Դիլիջանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել է Դիլիջանի 33-ամա բնակիչ Նավասարդ Աբգարյանը (Նավո), ով եւս մահացել էր: Վերջինս Դիլիջանի մեծահարուստ, «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր Արմեն Աբգարյանի եղբոր որդին է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 1-ին մասի (2 կամ ավելի անձանց սպանության) եւ 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով:





























