Անկախությունը գին չունի եւ 53 միլիոնով անկախությունը ոչ կարող ես տոնել, ոչ պաշտպանել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր, «Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով կառավարության նիստում ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման համար ՀՀ մշակույթի նախարարությանը 53 միլիոն դրամ տրամադրելուն:
Նա նշեց, որ ոչ մի գին բավարար չէ անկախության համար՝ ոչ 53մլն-ով, ոչ 53 մլրդ-ով, ոչ 53 տրիլիոնով անկախության գաղափարը տոնելու խնդիր չկա:
«Մենք կեղծավորություն ենք անում, սեպտեմբերի 3-ին հանձնում ենք մեր անկախությունը ինչ-որ անհասկանալի, թուրքառուսական պետությանը, իսկ երկու շաբաթ անց դիմակները հագած կամ հանած պատրաստվում ենք տոնել անկախությունը: Ի՞նչ ենք տոնում, մենք դեռ չենք վճարել մեր անկախության համար եւ անկախություն չունենք, տիկին Պողոսյանի այդ 53 միլիոնով մենք անկախություն չենք կարողանա տոնել, անկախություն պետք է ունենալ, հետո նոր տոնել, այս պահին մենք դա չունենք: Իրական անկախության համար պետք է վճարենք շատ ավելին, մեր կյանքով, մեր արյունով, որպեսզի պահպանենք անկախությունը»,-ասաց կինոռեժիսորը:
Տիգրան Խզմալյանի խոսքով՝ եթե մենք ունենանք անկախություն, ոչ մի գումար, միլիոններ եւ միլիարդներ չի կարելի դրա համար խնայել,այլ հարց է, որ տոնվում է կեղծ անկախոթյունը, անկախություն չկա: «Եթե քո կառավարությունը, խորհրդարանը եւ նախագահը նշանակվում են մոսկովյան ԿԳԲ-ում, ուրեմն պետք է տոնել չեկիստի օրը՝ որպես Հայաստանի պետական տոն»,-նշեց նա:
«Նախախորհրդարանի» անդամը ասաց նաեւ, որ պետք է զանազանել անկախությունը եւ միջոցառումները, որ դարձել են բիզնես, մեզանում պետականությունը եւ պետական գործունեությունը գործարարություն է, բիզնես, եւ մարդիկ ովքեր մտնում են պետական աշխատանքի, ոչ թե ծառայելու են մտնում, այլ գռփելու եւ նույնը վերաբերում է պետական տոներին: «Պետական տոնը տվյալ համակարգի համար գումար աշխատելու միջոց է, որքան կկարողանան պոկել փուչիկ փչելուց, դրոշ կախելուց կամ հրավառություն անելուց, դա դիտվում է ոչ թե որպես տոն, այլ բիզնես նախագիծ»,- հավելեց Տիգրան Խզմալյանը:





























