Հայաստանի եզդիները վրդովված են բրիտանական իշխանությունների արարքներով: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի եզդի համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը: Նրա խոսքով՝ օրերս Իրաքյան Քուրդիստան մատակարարված զենքը տեղացի քրդերի կողմից օգտագործվելու է երկրի տարածքում բնակվող եզդիներին ոչնչացնելու համար:

 «Քրդերը անընդհատ ավազակային հարձակումներ են իրականացնում եզդիներով բնակեցված տարածքների վրա եւ սպանում խաղաղ քաղաքացիներին՝ ստիպելով նրան լքել իրենց տները: Այսօր եզդիները աղետային վիճակում են հայտնվել եւ չգիտեն՝ ումից օգնություն խնդրել», - դառնությամբ նշեց Թամոյանը՝ հավելելով, որ տարբեր տեղեկություններով՝ մի շարք երկրներ ժողորվրդին հումանիտար օգնություն են ուղարկում, սակայն վերջինս մարդկանց չի հասնում:

Թամոյանն ու մամուլի ասուլիսին ներկա Արարատի մարզի եզդի համայնքի ղեկավար Քյարամ Սլոյանն ու հանրապետության եզդիների հոգեւոր առաջնորդ, շեյխ Բրո Հասանյանը հայտարարեցին, որ պատրաստվում է ուղղորդվել Մեծ Բրիտանիայի դեսպանատուն՝ իրենց վրդովմունքն արտահայտելու անմեղ եզդիների կյանքը վտանգած բրիտանական իշխանություններին:

Նշենք, որ սեպտեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը իրաքյան քրդերին մոտ 2,6 մլն դոլար ընդհանուր արժեքով անհատույց զենք է ուղարկել: