Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը կոչ է արել չքաղաքականացնել իր ենթակա Վալերի Օսիպյանի եղբորորդու հանդեպ հարուցված քրեական գործը:

Սեպտեմբերի 11-ի մամուլի ասուլիսում  Աշոտ Կարապետյանը նկատել է, որ յուրաքանչյուր ոստիկան կարող է ունենալ ազգականներ, որոնց ինչ-որ իրավախախտման մեջ են կասկածում: Բացի այդ, գոյություն ունի անմեղության կանխավարկած, հիշեցրել է Կարապետյանը:

Ինչ վերաբերում է հետախուզվող Սեդրակ Օսիպյանի Հայաստանում գտնվելուն, Կարապետյանը հավաստիացրել է, որ ոստիկանությունը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի:

Ընդհանուր առմամբ, Աշոտ Կարապետյանը փորձել է  վստահեցնել, որ իրավախախտ ոստիկաններին կամ նրանց հարազատներին ներում չի լինի: Որպես հաստատում նա հայտնել է, որ Երեւան քաղաքի վարչության մի շարք աշխատակիցների նկատմամբ ծառայողական 191 քննություն է իրականացվում: Արդեն որոշներն ազատվել են աշխատանքից:

 «Եթե ոստիկանների հարազատների հանդեպ կողմնակալ վերաբերմունք նկատեք, հայտնեք մեզ»,- առաջարկել է Կարապետյանը: