Այսօր` սեպտեմբերի 11-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ներկայացրեց Հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության ինդեքսը՝ որով առաջին անգամ Հայաստանում գնահատվել է պետական կառավարման մարմինների հրապարակայնության եւ թափանցիության մակարդակը։
Մշակված հիսունից ավելի չափանիշների հիման Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետներն այսուհետ ամեն տարի իրականացնելու են պետական կառավարման մարմինների գնահատում՝ կազմելով դրանց հրապարակայնության ամենամյա ռեյտինգը։ Այս տարի գնահատվել է պետական կառավարման 37 մարմին՝ բոլոր նախարարությունները, մարզպետարանները եւ կառավարությանն առընթեր մարմինները։
Այս տարի լավագուն հնգյակում հայտնվել են Արմավիրի մարզպետարանը 80 բալով, Արդարադատութան նախարարությունը 78 բալով, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզպետարանները 77-ական բալերով եւ Տարածքային կառավարման նախարարությունը 76 բալով։ Սանդղակում վատագույն արդյունքը գրանցել են Ազգային անվտանգության ծառայությունը 31.5 բալով, ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն 37.5 բալով, ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը 41 բալով, Սպորտի եւ երիտասարդության հարցերի եւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունները 41.5 բալով։
Այս տարի գնահատվել են նաեւ ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովը եւ նախագահի աշխատակազմը։ երեք մարմիններն էլ, թեեւ տնօրինում են հարուստ ու բազմազան ռեսուրսներ, այնուամենայնիվ գրանցել են բանավականին ցածր ցուցանիշներ՝ համեմատաբար 55.5, 45.5, 47.5 բալ։





























