«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պատանդ են պահում 1700 եզդի կանանց: Այս մասին սեպտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի եզդիների համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը: Նրա խոսքով, նրանցից շատերին դաժան կտտանքների եւ ծաղրի են ենթարկում՝ ձգտելով մահմեդական դարձնել, մյուսներին վաճառում են արաբական երկրներում:
Ասուլիսի մեկ այլ բանախոս, Հայաստանի եզդիների հոգեւոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանն էլ հավելեց, որ մահմեդական զինյալների կողմից բռնաբարվող շատ աղջիկներ ինքնասպանություն են գործում:
«Զարմանալի է, թե ինչպես են համաշխարհային գերտերությունների առաջնորդները հետեւում կատարվածին եւ ոչ մի միջոց չեն ձեռնարկում՝ մեր կանանց եւ մեր ժողովրդին ոչնչացումից փրկելու համար,- ընդգծեց Թամոյանը:- Ինչո՞վ են զբաղված միջազգային կազմակերպությունները: ՆԱՏՕ-ն, ՄԱԿ-ը եւ այլն: Ինչո՞ւ են նրանք մինչեւ հիմա լռում»:





























