Ուկրաինայի օմբուդսմեն Վալերիա Լուդկովսկայան անձամբ է այցելել Ուկրաինայում գործարար Շաբաբ Ալոյանի սպանության համար ցմահ ազատազրկված Մերաբ Ալոյանին, տեղում արձանագրել խնդիրներն ու ուղարկել դատախազություն: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան խորհրդական Երանուհի Թումանյանցը:

«Մենք տարբեր միջոցներ ենք ձեռնարկել, գրություններ ենք ուղարկել արտաքին գործերի նախարարությանն ու Ուկրաինայում օմբուսմենին: Այնտեղի մեր գործընկերները եւ անձամբ օմբուդսմենն այցելել են Ալոյանին, Ուկրաինայում ՀՀ դեսպանատան աշխատակիցները նույնպես հետեւողական են այս հարցում: Ինչ վեաբերվում է Մերաբ Ալոյանի առողջական խնդիրներին, ապա այս դրությամբ նոր գրություն ենք ուղարկել, որ կազմակերպվի անհրաժեշտ բուժօգնություն եւ հնարավորության դեպքում հրավիրվի Ալոյանների նախընտրած բժիշկը. Ուկրաինայի օրենսդրությունը նման բան թույլ է տալիս: Ալոյանի կնոջ խոսքով՝ կազմակերպչական խնդիրներ կան բուժումը չկազմակերպելու հետ կապված: Մենք փորձում ենք դա լուծել»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ՄՒՊ խորհրդականը պատասխանեց, որ դա իրենց իրավասության շրջանակներում չէ, սակայն տեղեկություններ ունի, որ փաստաբանները նման ցանկություն ունեն:

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերին Մերաբ Ալոյանը Ուկրաինայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման երկու այլ անձանց հետ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը պլանավորելու եւ իրականացնելու համար: Փաստաբանները վճիռը բողոքարկել էին Ուկրաինայի Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ, սակայն վճիռն անփոփոխ էր մնացել: Մերաբ Ալոյանի փաստաբաններն ու պաշտպանող կազմակերպությունները պնդում են, որ Մերաբ Ալոյանի կյանքին կալանավայրում վտանգ է սպառնում: