16 տարեկան էգ օրանգուտանը ցնցել է Փեյթոնի կենդանաբանական այգու աշխատակիցներին եւ զբոսաշրջիկներին: Նա սուրճի հին պարկից իր համար զգեստ է ստեղծել: Ըստ Mirror-ի, մինչեւ հիմա նրա ցեղակիցներից ոչ մեկ նման բան չի արել:
Մեծ Բրիտանիայի Փեյթոն կենդանաբանական այգու բնակիչ Գամբիրա անունով օրանգուտանը զբոսաշրջիկներին ներկայացել է գծավոր զգեստով: Այգու այցելուները, ուշադիր դիտելով, նկատել են, որ նրա զգեստը սուրճի հին պարկ է:
Ավելի ուշ կենդանաբանական այգու աշխատակիցները զբոսաշրջիկներին բացատրել են, որ իրենք որոշել են օրանգուտաններին նվիրել «Costa Rica Plantation» ընկերության սուրճի պարկերը եւ տեսնել, թե կենդանիներն ինչ կանեն դրանց հետ:
«Մենք ցանկանում էինք հասկանալ, թե նրանք որքան հետաքրքրասեր ու հմուտ են»,- ասել է փորձի հեղինակ Նիլ Բեմենթը:
Սկզբում կենդանիների գործողություններն այնքան էլ չեն տպավորել մասնագետներին: Նրանք վարվել են այնպես, ինչպես մարդկանց մեծ մասը. պարկերն օգտագործել են՝ կեցության պայմանները բարելավելու համար:
FedPost.ru-ի փոխանցմամբ, կապիկները պարկերն օգտագործել են որպես տանիք եւ վարագույր՝ դրանցով փոխարինելով վայրի բնության մեջ աճող հսկայական տերեւները:
Բայց շուտով կապիկներին հետեւող աշխատակիցների ուշադրությունը հրավիրել է Գամբիրան, ով կենտրոնացած եւ համառորեն աշխատել է պարկի վրա: Այգու աշխատողները կատակում են, որ ծրագրում են Գամբիրային եւս մեկ պարկ տալ, որպեսզի նորաձեւության սիրահարը կարողանա զգեստին հարմար գլխարկ եւ պայուսակ ստեղծել իր համար:




























