Աշխարհում ծնողների 74%-ը մտածում է առավել որակյալ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով իրենց երեխաներին արտերկիր ուղարկելու մասին: Այս մասին նշված է Էյչ-Էս-Բի-Սի Խմբի կողմից իրականացված «Կրթության արժեքը. հաջողության հենք» զեկույցում:

Ըստ այդմ, ծնողների 51%-ը ԱՄՆ-ը համարում է ամենաորակյալ կրթությունն ապահովող երեք երկրներից մեկը:

Երեխաներին Արեւմուտքում կրթություն ստանալու ուղարկելով՝ ծնողները ստիպված են նաեւ մեծ ծախսեր կրել, քանի որ, չնայած ուսման որակի տեսանկյունից Արեւմուտքը համարվում է լավագույնը, իրականում այս երկրներում գները բարձր են: Ծնողների առավել քան մեկ երրորդը (38%) ամենաորակյալ կրթություն տրամադրող երեք երկրներից եւս մեկը համարում է Միացյալ Թագավորությունը [B3], որտեղ ուսման եւ ապրելու ընդհանուր ծախսը կազմում է ավելի քան 35,000 ԱՄՆ դոլար:

Աշխարհի 15 տարբեր երկրներում 4,500 ծնողների շրջանում անցկացված հարցման զեկույցի համաձայն նրանք գիտակցում են որակյալ կրթության արժեքը եւ կարեւորությունը, սակայն շատերը ֆինանսապես դեռեւս պատրաստ չեն նման ծախսերի: 15 երկրներում հարցված ծնողների 89%-ըցանկանում է համալսարանական կրթություն ապահովել իր երեխաների համար, սակայն հարցվածների ավելի քան կեսը (51%-ը) կարծում է, որ ցանկալի է ավելի վաղ սկսել գումարներ խնայել երեխաների կրթական ծախսերը հոգալու համար:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը այս առնչությամբ նշել է. ,«Երեխաներին կրթություն ստանալու նպատակով արտերկիր ուղարկելու հիմնական նպատակներն են օտար լեզուներին տիրապետելը, միջազգային փորձ եւ ինքնուրույնություն ձեռք բերելը: Միջազգային ուսուցումը հավելյալ բարդություններ է  առաջացնում՝ հատկապես ֆինանսական պլանավորման տեսանկյունից: Արտասահմանում ուսումը հիմնականում ֆինանսավորում են ծնողները՝ իրենց անձնական միջոցներով:  Սակայն մինչ ԱՄՆ-ում կրթական ֆոնդերի գաղափարը բավական զարգացած է, այլ երկրներում այն հազվադեպ երեւույթ է: Երեխաների ուսումն արտասահմանում ապահովելու գաղափարը կարող է դժվարին ու վախեցնող թվալ, սակայն ճիշտ պլանավորումը եւ խելամիտ ու ժամանակին ներդրումները կարող են օգնել հաղթահարել ֆինանսական անորոշությունը»:

ԱՄՆ-ն եւ Չինաստանը բարձր են գնահատում միմյանց կրթական համակարգերը` փոխադարձաբար նշելով միմյանց ամենաորակյալ կրթություն տրամադրող երկրների եռյակում: Չինաստանում ծնողների մոտ 73%-ը կարծում է, որ ԱՄՆ-ը տրամադրում է բարձրորակ կրթություն, մինչդեռ ԱՄՆ-ում ծնողների համար ֆինանսական առումով առավել հարմար է իրենց երեխաներին ուղարկել Չինաստան ուսում ստանալու, քանի որ այնտեղ ընդհանուր տարեկան ծախսը չի հասնում ԱՄՆ 11,000 դոլարի:

Միջազգային ուսանողի համար ԱՄՆ-ում բակալավրի կրթություն ստանալու տարեկան արժեքը միջինում կազմում է ավելի քան 36,000 ԱՄՆ դոլար: Ավստրալիան, որտեղ ուսման տարեկան արժեքը կազմում է 42,000 ԱՄՆ դոլար, կրթություն ստանալու առումով աշխարհի ամենաթանկ երկիրն է եւ Ասիացի ուսանողների ամենանախընտրելի տարբերակը:

Հարցումն իրականացվել է առցանց, 2013թ-ի դեկտեմբերից 2014թ-ի հունվարն ընկած ժամանակահատվածում, եւ ընդգրկել է այն ծնողներին, ովքեր ունեն մինչեւ 23 տարեկան առնվազն մեկ ուսանող երեխա եւ ովքեր լիովին կամ մասամբ պատասխանատվություն են կրում երեխայի կրթության վերաբերյալ որոշումներ կայացնելու համար: Սույն անկախ հետազոտությունը նախաձեռնվել է Էյչ-Էս-Բի-Սի-ի կողմից եւ իրականացվել՝ «lpsos MORI» ընկերության միջոցով: