Ամենակարեւորը ՔԿՀ-ների գերբնակեցման հարցն է, որի վերաբերյալ բարեփոխումների հայեցակարգ կա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Նա կարեւորել է դիտորդական խմբի հետ աշխատանքը՝ համարելով այն բավական արդյունավետ կարծիքների, առաջարկությունների, ինչպես նաեւ ծրագրերի մշակման ու գործունեության կազմակերպման առումներով: Անդրադառնալով դիտորդական խմբի կողմից ներկայացրած առաջարկություններին՝ նա նշել է, որ դրանք նախարարության կողմից խմբավորվել են, նախարարության ուշադրության կենտրոնում են, եւ հավելել, որ դրանց ուղղությամբ տարվել եւ տարվում են աշխատանքներ:

ՀՀ ԱՆ աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանն էլ նշել է, որ նախատեսվում է նաեւ պրոբացիոն ծառայության ներդրմամբ նույնպես նպաստել ՔԿՀ-ների գերբնակեցման խնդրի լուծմանը: Ներկաներն անդրադարձել են այն չափանիշների բացակայությանը, որոնց հիման վրա անձին կարելի է ազատազրկել, ինչի վերաբերյալ լուծումները նույնպես հայեցակարգում կան:

Մյուս խնդիրը դատապարտյալների համար ոչ ցանկալի աշխատանքներին է առնչվում, որը պայմանավորված է ենթակառուցվածքների ցածր կայացվածության մակարդակով: Նախարարության ներկայացուցիչների հավաստմամբ՝ դրանք կատարելագործման փուլում են: Սուրեն Քրմոյանը ուշադրություն է հրավիրել նաեւ ՔԿՀ-ներում բժշկական ծառայությանը:

«ՔԿՀ-ների ներսում մենք կկարողանանք հաջորդ տարի բոլոր բուժծառայությունները վերազինել, վերակազմակերպել, մասնագետներին վերակրթել, այդ հարցը մենք ամբողջությամբ կարգավորելու ենք օրենսդրական եւ անհրաժեշտ այլ միջոցներով»,-վստահեցրել է նախարարի տեղակալը: Նա հավելել է, որ նախատեսվում է մյուս տարի գործարկել պրոբացիոն ծառայությունը, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ի առաջին մասնաշենքը նախատեսվում է շահագործման հանձնել հոկտեմբերին: