Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մտահոգիչ է համարում ամուսնալուծությունների, հղիության՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների աճը, ժողովրդագրական անցանկալի փոփոխությունները: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպված «Ընտանիք, հասարակություն եւ Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» խորագրով գիտաժողովի ժամանակ:
«Մեր օրերում ընտանիքի ավանդական ընկալմանը հակադրվում են ծնունդ առնող հոսանքները, որոնք թափանցում են մարդու կյանքի նվիրական ոլորտը, հատկապես՝ որդեծնության»,-ասել է նա՝ հացելելով, որ հայ եկեղեցին մշտապես բարձր է գնահատել ընտանիքի ամբողջականությունը եւ անքննարկելի կարեւորությունը ժողովրդի կյանքում:
Նշենք, որ գիտաժողովը կազմակերպել է Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակը` «Վորլդ վիժըն» կազմակերպության, ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի եւ ՄԱԲՀ (UNFPA) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Գիտաժողովին մասնակցել են եկեղեցականներ, գիտնականներ, պետական համապատասխան ոլորտների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կներկայացվեն շուրջ 17 զեկույցներ: Գիտաժողովի նպատակն է բազմակողմանիորեն քննել, գնահատել, համադրել հայ ժողովրդի կյանքում Հայ Եկեղեցու դերակատարությունը եւ մտածողությունը, պատմական փորձառությունը եւ արդի մարտահրավերները հատկապես վերարտադրողական առողջության եւ իրավունքի ոլորտում:
Գիտաժողովը բաղկացած է երկու հիմնական մասերից` «Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում եւ նրա վրա ազդող գործոնները» եւ «Ժամանակակից հայ ընտանիքի առողջ կայացման ու աջակցման խնդիրները», որոնցում հիմնական շեշտադրում է կատարվելու հղիության արհեստական ընդհատման եւ հատկապես` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման երեւույթի վրա:





























