Հայաստանը, որպես ցեղասպանությունից տուժած երկիր, մյուսների համեմատությամբ ավելի մեծ աղմուկ պիտի բարձրացներ եզդիների ցեղասպանությանը վերաբերող ցանկացած նախաձեռնության առթիվ: Այս մասին հայտարարություն է տարածել «Նախախորհրդարանը»:

Նրանց տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սեպտեմբերի 11-ին լրացավ Իրաքի հյուսիսում եզդի ժողովրդի ցեղասպանության 40-րդ օրը, ինչի կապակցությամբ հայկական եւ եզդիական երիտասարդական կազմակերպությունները ջահերով երթ իրականացրեցին Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ՝ իբրեւ հարգանքի տուրք ցեղասպանության ենթարկվող եզդի ժողովրդին:

Նախախորհրդարանը խորը ցավով ու վրդովմունքով արձանագրում է, որ ինչպես 100 տարի առաջ տեղի ունեցած հայերի եւ նրա բախտակից այլ ժողովուրդների ցեղասպանությունը, այնպես էլ այսօր տեղի ունեցող եզդիների ու քրիստոնյաների (ասորիների, արամեացիների եւ մյուսների) ցեղասպանությունը չի կանխվում, իսկ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում:

Պետք է նշել, որ Հայաստանը, որպես ցեղասպանությունից տուժած երկիր, մյուսների համեմատությամբ ավելի մեծ աղմուկ պիտի բարձրացներ եզդիների ցեղասպանությանը վերաբերող ցանկացած նախաձեռնության առթիվ: Դրա փոխարեն հանցավոր էլիտան ցուցաբերում է նույն անտարբերությունը, ինչ եղել է մեր ցեղասպանության ժամանակ այլ երկրների կողմից: Այս կեցվածքը թույլ է տալիս եզրակացնելու, որ գործող ռեժիմը ոչնչով չի տարբերվում օտար երկրների այն կառավարիչներից, ովքեր 100 տարի առաջ լուռ անտարբերությամբ նայում էին, թե ինչպես է տեղահանվում եւ կոտորվում մի ամբողջ ժողովուրդ: