Նոր Արեշի վարձակալած տանը անցած տարվա նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ողբերգության հետեւանքով մահացած, ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Քննչական գլխավոր կոմիտեի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

«Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում գործը կարճվել է հուլիսի 31-ին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Դենիշ Բաբուի նկատմամբ էլ է եղել հարուցված քրեական գործ, քրեական հետապնդում չի իրականացվել սպանության հիմքով»,- ասաց նա:

Նշենք, որ այս գործով այս ամիսների ընթացքում հարցաքննվել է միայն Դենիշի միակ ծանոթը՝ Պանկաջ Սանգին, որը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ հարցաքննությունը տեւել էր ավելի քան չորս ժամ, որի ընթացքում իրեն հարցրել են Աստղիկ Աղաջանյանի եւ Դենիշ Բաբուի հարաբերությունների մասին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, նոյեմբերի 16-ին երեկոյան դանակահարոթյուն էր տեղի ունեցել Նոր Արեշում: Պարզվել էր, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 1985 թ. ծնված Դենիշ Բաբու Շահաբ Սինգխը Նոր Արեշի 17-րդ փողոցում գտնվող իր վարձակալած տանն ամուսնության առաջարկ էր արել Աստղիկ Աղաջանյանին, սակայն վերջինիս կողմից մերժում ստանալուց հետո խոհանոցային դանակով որովայնի շրջանում բազմաթիվ մարմնական վնասվածքներ էր պատճառել նրան, այնուհետեւ նույն դանակով իր պարանոցի զարկերակները կտրելով` ինքնասպանություն էր գործել: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դենիշի հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին: