Հայկական կողմը շարունակում է ադրբեջանական գերության մեջ սպանված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի մարմինը հայրենիք վերադարձնելու աշխատանքները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Համապատասխան աշխատանք է տարվում միջազգային կազմակերպությունների աջակցությամբ»,-ասել է նա:
Հարցին, թե որքանով է ամուր սահմանը՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիների պարբերաբար անցնում են սահմանը եւ հայտնվում հակառակ կողմում, Սեյրան Օհանյանը պատասխանել է, որ ինժեներական աշխատանքները սահմանին կատարվում են ողջ ծավալով, սակայն սահմանի երկարությունը, սարերի ու անտառների առկայությունը հնարավորություն չեն տալիս վերահսկել սահմանի յուրաքանչյուր մետրը:
Նշենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանին գերեվարել էին օգոստոսի 7-ին, իսկ մեկ օր անց էլ ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ հայ երիտասարդը «հանկարծակի» մահացել է «սուր սրտանոթային անբավարարությունից»: Նախնական վարկածով՝ Կարենը մոլորվել էր անտառում, ուր մեկնել էր փայտ հավաքելու եւ արդյունքում հայտնվել ադրբեջանական կողմում:





























