ԱՄՆ-ի եւ Եվրամիության` Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից պետք է Հայաստանն օգտվի եւ տարբեր ապրանքներ ներմուծի ՌԴ` որպես հայկական արտադրանք: Այս մասին այսօր` սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը:
«Վստահ եմ, որ ամերիկյան պատժամիջոցները ազդելու են նաեւ Հայաստանի վրա, սակայն կարծում եմ` մենք կարող ենք օգուտ ստանալ, այսինքն կարող ենք միջնորդ երկիր հանդիսանալ. ամերիկյան եւ եվրոպական ապրանքը մտցնել Ռուսաստան` որպես հայկական ապրանք, օրինակ` բանանը ներկայացնենք` որպես հայկական արտադրանք: Չնայած ապրանքային սանկցիաներից ավելի լուրջ են գազի, նավթի իջեցումը»,- ասաց նա:
Այնուամենայնիվ, Անուշ Սեդրակյանը կարծում է, որ պատժամիջոցները ծանր վիճակում են դնելու նաեւ Հայաստանին, եթե մենք միանանք Եվրասիական տնտեսական միությանը:
Լրագրողների հարցին, թե կարող է Հայաստանը դուրս գալ ՌԴ ազդեցությունից, Անուշ Սեդրակյանը պատասխանեց, որ դա կապված է ԵՏՄ-ից. «Մենք ունենք մոնոէթնիկ կրոնական ժողովուրդ, որը կարող է լավ գործընկեր լինել Արեւմուտքին, նրանք ոչ այնքան փորձելու են պոկել մեզ Ռուսաստանից, այլ որպես գործոն ոչնչացնելը: Մենք կանգնում ենք այն փաստի առջեւ, որ աշխարհագրական բարենպաստ դիրքի շնորհիվ կարող ենք օգուտներ եւ բոնուսներ շահել, պարզապես պետք է փորձենք չպոկվել քաղաքակիրթ երկրից»:
Նշենք, որ նախատեսվում է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը կստորագրի ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը:




























