Հայաստանը չի կարող իր տեղը գտնել Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ): Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար Հայկազուն Ալվրցյանը՝ անդրադառնալով ԵՏՄ-ին հանրապետության ինտեգրման գործընթացին: Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ այսօր Երեւանի ցանկությունն ու քաղաքական կամքը երկրորդական դեր են խաղում:
«Պարզվեց, որ ԵՏՄ-ին միանալը այդքան էլ հեշտ չէ: Մասնակից երկրները մինչ օրս քննարկում են Հայաստանի միացման հարցը», - նշեց փորձագետը՝ հավելելով, որ կառույցին ընդգրկման ճանապարհի հիմնական խոչընդոտներն են ղարաբաղյան հարցը, ինչպես նաեւ այն ոչ բացաայտ ըմբռնումը, որ Երեւանն այդ կառույցում խաղալու է Ռուսաստանի դաշնակցի դերը:
Դա շատ լավ հասկանալով՝ Ղազախստանն ու Բելառուսը ձգձգում են ինտեգրման գործընթացը՝ դրանով իսկ փորձելով Հայաստանից հնարավորինս շատ միակողմանի զիջումներ կորզել:
«Ինչ վերաբերում է արտոնություններին, որոնք ծրագրվում են տրամադրել Երեւանին, ապա դրանք կամ կհանվեն, կամ զգալիեորեն կկրճատվեն: Այդ ամենը կազմակերպության կազմում Հայաստանի՝ որպես թույլ եւ անկամ խաղացող տեսնելու նպատակ է հետապնդում»:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միացման մասին պայմանագրի ստորագրումը նախատեսվում է հոկտեմբերի 10-ին՝ ԵՏՄ անդամների առաջնորդների հանդիպմանը:





























