ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր՝ սեպտեմբերի 12-ին հանդիպել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների ղեկավարներին, լսել նրանց դժգոհությունները, հստակ հանձնարականներ տվել, ինչպես նաեւ խոսել ապագա ծրագրերից:

Նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն էլ իր հերթին հայտնել է, որ քաղաքացիների կողմից դիմում գրելու պրակտիկան վերացվելու է, դրանք կարվեն տեղում, իսկ քաղաքացիները միայն ստորագրելու են: Նրա խոսքով՝ էլեկտրոնային կառավարման աշխատանքների կազմակերպման նպատակով արդեն տեղադրվել է 157 համակարգիչ, 129 տպիչ եւ առաջիկայում նախատեսվում է համալրել այլ անհրաժեշտ սարքերով, իսկ նախկինում գրանցված թղթային փաստաթղթերը թվայնացվելու են:

Այնուհետեւ նախարարը խոսել է աշխատավարձերի բարձրացման մասին՝ նշելով, որ կան տարածքներ, որտեղ բարձրացում տեղի չի ունեցել, ուստի պետք է համայնքների առջեւ նման հարց բարձրացնել, իսկ եթե համայնքը չկարողանա, ապա Արդարադատության նախարարությունը կառաջարկի Տարածքային կառավարման նախարարությանը լուծել խնդիրը: «Այդ հարցը պետք է շատ արագ լուծվի, կարեւոր է ձեր կողմից նման հարցերի բարձրացումը նախարարության առջեւ, որպեսզի մենք կարողանանք շատ արագ լուծումներ գտնել»,-ասել է  նախարարը:

Ներկաներից մեկը մտահոգություն է հայտնել, որ քաղաքացիները հաճախ գերադասում են ամուսնութայն գրանցումն իրականացնել հարսանյաց սրահներում:  ՔԿԱԳ գործակալության պետը տեղեկացրել է, որ հարսանյաց հանդեսներին՝ ՔԿԱԳ տարածքից դուրս ամուսնություն գրանցելը աշխարհում ընդունված պրակտիկա է:  Նախարարը, անդրադառնալով հարցին, պատասխանել է, որ քաղաքացու ցանկությունն է այս հարցում կարեւոր, մանավանդ, որ ներկայում չկան հանդիսությունների դահլիճներ, հնարավոր չէ ապահովել ամուսնության գրանցման հանդիսավոր մասը տարածքային ՔԿԱԳ մարմիններում: Նախարարի հավաստմամբ՝  Երեւանում մոտ 2 ամսից կլինեն համապատասխան  մի քանի  դահլիճ, որոնց թիվը  հետագայում կավելանա:

Տարածքային ՔԿԱԳ պետերին Հովհաննես Մանուկյանը  հանձնարարել է քաղաքացիների նկատմամբ դրսեւորել բարեկիրթ վերաբերմունք: «Դուք պարտավոր եք բոլորին նորմալ ընդունել, սպասարկել, սպասարկման ժամանակ չդնել որեւէ խտրականություն »,-շեշտել է նախարարը: Նա հանձնարարել է մշակել էթիկայի հստակ նորմեր, որոնք կկանոնակարգեն աշխատակիցների վերաբերմունքը քաղաքացիների նկատմամաբ եւ հսկողություն իրականացնել դրանց հետեւելու ուղղությամբ: Նախարարը  խստորեն կարգադրել է վերացնել ապօրինի պահանջները՝ զգուշացնելով, որ նման քայլերը չեն ներվելու, ինչպես նաեւ՝ չպահանջել գումարներ անվճար գործառույթների դեպքում: Այնուհետեւ նա հավաստիացրել է, որ ՔԿԱԳ յուրաքանչյուր աշխատակցի խնդիրը նախարարության խնդիրն է, եւ բարձրացված հարցերին տրվելու են համապատասխան լուծումներ: