Քալիֆորնիայի Գլենդել քաղաքի համայնքային քոլեջի շենքում սեպտեմբերի 13-ին տեղի կունենա խորհրդաժողով՝ տարբեր բնագավառների 10 մասնագետների մասնակցությամբ, որոնք կքննարկեն առողջապահական գիտափորձը եւ սոցիալական կարծրատիպերը՝ ալկոհոլ կամ թմրանյութեր չարաշահելու, ինչպես նաեւ ընտանիքում բռնության դեպքում, գրում է «Glendale News-Press» թերթը:
Միջոցառումը կազմակերպվելու է «Didi Hirsch» հոգեբուժական ծառայության եւ դրա «Armunity» մասնաճյուղի հետ համատեղ, որն օգնում է հայ համայնքին կապեր հաստատել հոգեբուժական ծառայությունների հետ: «Didi Hirsch»-ը երեք տարով 2,3 միլիոն դոլար դրամաշնորհ է ստացել Լոս Անջելես շրջանի հոգեբուժական ծառայությունների դեպարտամենտից՝ 2012 թ. մարտին «Armunity» ծրագրի մեկնարկի համար: «Armunity» ծրագրի համակարգող Արսինե Արարատը օգնել է կազմակերպել գիտաժողովը:
Ըստ նրա՝ կայանալիք գիտաժողովում քննարկվելու է, թե իրականում ինչ է նշանակում ինտեգրացիան: Առաջին կլոր սեղանը տեղի է ունենալու հոգեբույժի եւ թերապեւտի մասնակցությամբ: Երկրորդ քննարկումը նվիրված է լինելու սոցիալական կարծրատիպերին՝ տոքսիկամանիայի եւ ընտանիքում բռնության վերաբերյալ: Ըստ «Armunity»-ի կայքի՝ «հոգեբանական առողջության եւ տոքսիկամանիայի հետ կապված հայ հասարակության կարծրատիպերը հանգեցնում են ոչ ադեկվատ բուժման եւ օգնություն ստանալու արգելքների»:





























