Ստեփանակերտից հունիսի 19-ին կոմայի մեջ հայտնվելու հետևանքով ուղղաթիռով Երևանի Մուրացանի հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող, 18-ամյա Իշխան Սարգսյանը ազատվել է պարտադիր զինծառայությունից: Այս մասին NEWS.am-ին պատմեց Իշխանի մայրը՝ Չինաշխարհիկ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ հաստատվել է, որ որդին հիվանդությունը ձեռք է բերել զինծառայության ընթացքում։
«Իշխանի մոտ ախտորոշել են սուր մենինգիտ, հիվանդության պատմության մեջ գրված ա, որ հիվանդությունը ձեռք է բերել զինծառայության ընթացքում: Այսինքն, ստացվում ա, որ էրեխես երկու օր ա մնացել չաստում, նշանակում ա՝ պատվաստումից ա եղել, որ արել են հավաքակայանում»,- ասաց տիկին Չինաշխարհիկը:
Մոր պատմելով՝ տղան հիմա էլ մի շարք խնդիրներ ունի՝ սուր գլխացավեր, շուտ նյարդայնանում է: Նրան ոչ պիտանի են ճանաչել խաղաղ ժամանակներում և պիտանի սահմանափակումով՝ պատերազմի ժամանակ: Սակայն կնոջն այլ բան է հուզում։
«Եթե տղուս ոչ պիտանի են ճանաչել, ինչի՞ կարգ չեն տալիս, որ կարողանամ թոշակ դասավորեմ, չէ» որ տղաս վաղը մյուս օրը որ ամուսնացավ, պիտի ընտանիք պահի, բայց էս զինգրքույկով որտե՞ղ պիտի աշխատանքի ընդունեն, իսկ եթե պիտանի էր, թող տանեին ծառայության»,- ասաց Իշխանի մայրը:
Իշխանի հիվանդության մասին NEWS.am-ի թղթակիցը զրուցեց նաև Հրազդանի բժշկական կենտրոնի նյարդաբան Նվարդ Գալստյանի հետ, որը պատմեց, որ այս հիվանդությունը մնացորդային երևույթներ է ունենում, ինչպիսիք են գլխացավերը, նյարդահոգեբանական լարված վիճակը, հիշողության կորուստը, այնպես որ նման հիվանդները մշտապես պիտի հանգիստ վիճակում գտնվեն:
Նշենք, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Իշխանը Պաշտպանության նախարարությունից որեւէ օժանդակություն չի ստացել։ Որեւէ մեկը Իշխանի հիվանդության համար մինչեւ օրս չի պատժվել։
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ստեփանակերտից հունիսի 19-ին կոմայի մեջ հայտնվելու հետևանքով ուղղաթիռով Երևանի Մուրացանի հոսպիտալ է տեղափոխվել ժամկետային զինծառայող Հրազդանի 18-ամյա բնակիչ Իշխան Սարգսյանը: Մի քանի օր անց տղան դուրս էր եկել կոմայից, սակայն ոչ մեկին չէր հիշում:
Իշխանը բանակ է զորակոչվել հունիսի 16-ին Հրազդանի զինկոմիսարիատից: Մոր պատմելով՝ որդին առողջական ոչ մի խնդիր չի ունեցել, սակայն զորակոչվելուց ընդամենը երկու օր անց զանգել եւ ասել է, որ ջերմություն ունի, իսկ մեկ օր անց կոմայի մեջ ընկել:





























