Աշխարհի ամենաբարձրահասակ շունը՝ Զեւս անունով գերմանական դոգը, 5 տարեկանում մահացել է: Kalamazoo Gazette-ի փոխանցմամբ, շունն իր տերերի՝ Քեւին եւ Դենիզ Դուրլագների հետ ապրում էր ամերիկյան Միչիգան նահանգի Օտսեգո քաղաքում: 2012 թվականին նա գրանցվել էր Գինեսի ռեկորդների գրքում:
Սովորական դիրքով Զեւսի հասակը 112 սանտիմետր էր, իսկ հետեւի թաթերին կանգնած վիճակում շան հասակը հասնում էր 2 մետր 24 սանտիմետրի: Նա կրկնակի ռեկորդակիր էր. որպես ապրող ամենաբարձրահասակ շուն եւ որպես պատմության մեջ ամենաբարձրահասակ շուն:
Ըստ NEWSru.com-ի, Քեւին Դուրլագը տեղեկացրել է, որ կենդանին մահացել է անցյալ շաբաթ: Երկու ամիս անց՝ նոյեմբերին, նա կդառնար 6 տարեկան:
Զեւսը վայելել է տեղի բնակիչների սերը: Նրա տերը կենդանուն հաճախ տարել է Կալամազու շրջանի դպրոցներ եւ հիվանդանոցներ, որտեղ նա երեխաներին օգնել է հաղթահարել շներից վախը, ինչպես նաեւ մասնակցել է շների օգնությամբ բուժման գործընթացների:





























