Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական վթարի պահին տուժող կողմին՝ Հակոբաններին պատկանող «Նիվա» մակնիշի մեքենայի և արգելակման, և հետընթացի լույսերը վառված են եղել:  Սա միակ հստակ փորձաքննական արդյունքն էր, որն այսօր` սեպտեմբերի 12-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ներկայացրեց վթարի ենթարկված մեքենաները տեխնիկական փորձաքննության ենթարկած փորձագետ Խորեն Զաքարյանը: Վարդան Պետրոսյանի փաստաբանի մնացած գրեթե բոլոր հարցերին դատարանը նրան թույլ չտվեց պատասխանել` հիմնավորելով, որ այդ հարցերի մասով փորձաքննություն չի իրականացվել:

Փորձագետը  նաեւ հաստաեց, որ վթարված «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ հետազոտվել է ոստիկանության տուգանային հրապարակում եւ բարդ փորձաքննություն է եղել: Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին փորձագետի այս պնդումը  կասկածելի թվաց. ինչպես կարելի էր նման բարդ փորձաքննությունն անցկացնել ընդամենը մեկ օրում:

«Ինչպե՞ս է փորձագետը տվել 26 էջանոց եզրակացություն, հոկտեմբերի 31-ին քննիչը որոշում է կայացրել փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ, նոյեմբերի 4-ին սկսվել է փորձաքննությունը, նոյեմբերի 5-ին փորձագետը միջնորդել է լրացուցիչ ելակետային տվյալներ տրամադրել իրեն, հարցաքննվել են տուժողներ Արթուր, Էմմա եւ  Հայկ Հակոբյանները, եւ  նույն օրը ժամը 16.30-ին ավարտվել է քննչական գործողությունը»,- հարց տվեց Նիկոլայ Բաղդասարյանը, ինչին փորձագետը պարզապես պատասխանեց, որ, համենայն դեպս, փորձաքննություն արվել է:

Խորեն Զաքարյանը հաստատեց, որ «Նիվա»-ի վրա կողային հայելիներ չեն եղել, սակայն այս մասին փորձաքննություն չի իրականացվել, քանի որ նախաքննական մարմինը նման հարց չի առաջադրել:

Նիկոլայ  Բաղդասարյանն էլ հակադարձեց, որ անկախ փորձագետի նշած հանգամանքից  պարտադիր պետք է իրականացվեր հայելիների մասով փորձաքննություն,  քանի որ դա կարող էր վթարի պատճառ դառնալ. «Եթե չեն պարզել, հետո ես կասեմ, թե ինչու»:

Փորձագետի հարցաքննությունից պարզվեց, որ  փորձաքննությունը չի ստուգել նաև «Նիվա» ավտոմեքենայում  տեղադրված գազի բալոնի տեխնիկական անվտանգությունը: Դատարանն այդ պատճառով որոշեց հանել Նիկոլայ Բաղդասարյանի բոլոր հարցերը գազի բալոնի վերաբերյալ:

Ռուբեն Բալոյանն էլ հայտարարեց, որ ընդհանրապես գազի բալոնի մասին հարց չբարձրացվի . «Բոլորը, հատկապես իրավաբանները,  շատ լավ հասկանում են, որ գազի բալոնը ընդհանրապես երեխաների մահվան հետ ոչ մի կապ չունի, այս թեման անընդհատ բարձրացվում է լրագրողների համար»:

Փորձագետը չպատասխանեց նաեւ դեպքի վայրի մոտ` ճանապարհի բանուկ մասում, թափված ապակու կտորների եւ հեղուկի վերաբերյալ փաստաբանի հարցերին, նշելով, որ դրանց վերաբերյալ նույնպես փորձաքննություն չի արվել:

«Ջարդված ապակիներից մի քանի կտորներ, բնականաբար, դրանք կարող էին թռնել տարբեր ուղղություններով, խնդիրը նրա մեջ է , թե ապակիների եւ պալստմասսայի կտորների մեծամասնությունը որտեղ են թափված, բնականաբար, բախման տեղում, դա երեւում է նաեւ նկարից: Երթեւեկելի մասում բախում չի եղել, հնարավոր չէ, իսկ 3D տարբերակը անընդունելի է, որովհետեւ չգիտենք` պաշտպանը ինչպես է ստացել այդ մոդելավորումը»,- NEWS.am-ի  հետ զրույցում ասաց Ռուբեն Բալոյանը:

Նիկոլայ Բաղդասարյանն էլ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօրվա հարցաքննությունը ցույց տվեց , որ փորձաքննությունը կազմված է եղել  մինչեւ ելակետային տվյալների տրամադրելը. «Փորձագետներն ունեին բավարար ելակետային տվյալներ, «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի հետագիծը հետ բերելով կպարզեին, որ «Նիվա» մեքենայի առջեւի մասը երբեւիցե չի եղել կողնակում, դա բավարար է, որպեսզի ասենք, որ կողնակում վթար չէր կարող լինել»:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 19-ին: