Նոր ուսումնական տարին Երեւանի Գուրգեն Մահարու անվան թիվ 176 հիմնական դպրոցում նշանավորվեց եւս մեկ նշանակալից իրադարձությամբ:
Սեպտեմբերի 10-ի առավոտյան դպրոցի բակում հավաքված աշակերտները կարեւոր մի միջոցառման էին պատրաստվում, որը կազմակերպել էր Հայաստանում Լիտվայի դեսպանատունը, դեսպան Էրիկաս Պետրիկասի նախաձեռնությամբ:
Անցկացվեց դպրոցականների համար նախատեսված ճանապարհային երթեւեկության կանոնների ուսուցման ծրագրի անդրանիկ միջոցառում-դասընթացը:
Ծրագրի մեկնարկին ներկա էին ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, ԿԳՆ հանրակրթության վարչության եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ, ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ ՆելլիԴուրյանն ու այլ ոստիկաններ։
Դեսպանատան նախաձեռնությամբ առաջին դասարանցիների համար բերվել էին անվտանգության լուսարձակ գոտիներ, որոնցով երեխաները ճանապարհներին կլինեն տեսանելի եւ ապահով:
Պատահական չէր նաեւ այն, որ ծրագրի առաջին քայլերը հենց թիվ 176 դպրոցում են կատարվում` Գուրգեն Մահարու այրու՝ ազգությամբ լիտվացի Անտոնինա Մահարու պատվին էր։
Էրիկաս Պետրիկասը նշեց, որ կարեւոր է դպրոցահասակ երեխաների շրջանում անվտանգ երթեւեկության հանդեպ պատասխանատվություն սերմանելը, ինչը երեխաների մասնակցությամբ Ճանապարհային պատահարների նվազեցման գրավականն է:
Հյուրերը մասնակցեցին դպրոցի սաների պատրաստած միջոցառմանը։
Նույն օրը Լիտվայի դեսպանատան աշխատակիցները եղան նաեւ Ճանապարհային ոստիկանությունում:
Լիտվացի հյուրերը խոսեցին վերջին մեկ-երկու տասնամյակների ընթացքում ճանապարհային երթեւեկության ոլորտում իրենց երկրում իրականացրած բարեփոխումների եւ ձեռք բերած հաջողությունների մասին:
Ներկայացրեցին ոլորտում առկա նորարարությունները, որոնք թույլ են տվել զգալիորեն բարելավել երթեկության վիճակը եւ նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետեւանք զոհերի եւ վիրավորների թիվը:





























