Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն օգոստոսի 1-ին ներկա է գտնվել Երեւանի «Դ.Դեմիրճյանի անվան հ.27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացված մրցույթին եւ հստակ լսել է, թե ինչպես է կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչը հայտարարել, որ մրցույթը կայացել է, բայց ոչ մեկը չի ընտրվել, քանի որ անհրաժեշտ 5 ձայն չի հավաքել:
«Հայտարարությունից հետո դպրոցի «հրաբուխային» անդամները սկսեցին խառնվել, աղմուկ-աղաղակ բարձրացնել, թե մեծամասնությունը կողմ է քվեարկել, սկսեցին վիճել, ես թողեցի, դուրս եկա: Մտքովս չանցավ, որ հետո այդպիսի որոշում կկայացնեին: Աղմկողներից մեկն էլ հենց Սուսաննա Սարգսյանն էր: Հետագայում տեսա քաղաքապետարանի գործողությունները, սկսեցի կասկածել, թե ինչու ճիշտ չի ձեւակերպում, թե ինչ է եղել: Պահանջեցի կառավարման խորհրդի նիստի կազմած արձանագրությունը, որտեղ էլ կարդացի, որ ընտրվել է Սուսաննա Սարգսյանը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ իր դիմելուց հետո են միայն չեղյալ հայտարարել մրցույթը:
Հարցին, թե միթե կառավարման խորհրդի անդամները կարգին ծանոթ չեն եղել, ավագանու անդամը պատասխանեց. «Անգրագետ են, կարգը կարդում են ու չեն հասկանում, սա մի խայտառակություն է: Սարսափելին այն է, որ կառավարման խորհուրդը շարունակելու է գործել, քանի որ կարգի համաձայն՝ քանի դեռ մրցույթն ուժի մեջ է, կազմը փոխել հնարավոր չէ: Ստիպված ենք «վստահել» այս անգրագիտությանը: Մտավախություն ունեմ, որ հաջորդ ընտրությունը նույնպես վտանգի տակ է լինելու»:
Անահիտ Բախշյանի պնդմամբ՝ քաղաքապետարանն էլ չի ցանկանում դատապարտված տնօրեն ունենալ, նույնիսկ Տարոն Մարգարյանը մի անգամ հայտարարել է, որ դատապարտվածը չի կարող տնօրեն նշանակվել:
«Նախկին տնօրենի տեսակը հասարակությունն էլ է տեսնում, ինքն է այդ աժիոտաժն իր շուրջ ստեղծում: Քաղաքապետարանը Սուսաննա Սարգսյանի կողքին չէ, իսկ Սուսաննա Սարգսյանն էլ քաղաքապետին ձեռնոց է նետում: Պատկան մարմիններն այս իրողությանը հրապարակային որակում, գնահատական չեն տալիս: Այդ պատճառով էլ Սուսաննա Սարգսյանն անցնում է բարոյականության եւ ամոթի սահմանները եւ շարունակում է ներկայանալ՝ որպես թեկնածու»:
Նշենք, որ ըստ կարգի՝ դպրոցը սեպտեմբերի 11-ին նորից մրցույթ է հայտարարել:
Հիշեցնենք, որ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 26-ին, Երեւանի թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանին մեղավոր ճանաչել է յուրացումներ կատարելու համար եւ համաներմամբ ազատ արձակել: 49 ամյա տնօրենը դատարանի որոշմամբ տուգանվել է 800 հազար դրամով եւ զրկվել է կազմակերպչական, տնօրինական բնույթի որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 6 ամսով: Սակայն համաներումով ազատվել է տուգանքը վճարելուց հետո:





























