Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը դեռ սպասում է նոր մեքենային. սեպտեմբերի 9-ին կայացած ավագանու նիստից հետո խմբակցության անդամներ Անահիտ Բախշյանն ու Դավիթ Սանասարյանը մոտեցել են Երեւանի քաղաքապետին, որն էլ խոստացել է մինչեւ սեպտեմբերի վերջ նոր մեքենա տրամադրել: Այս մասին NEWS.am-ին ասաց Անահիտ Բախշյանը:
«Մեքենաներն ինչ-ինչ պատճառներով ուշանում են: Սկզբում ասում էին, որ օգոստոսի վերջին նոր մեքենան կլինի, հետո սեպտեմբերի 9-ին Տարոն Մարգարյանը խոստացավ, որ սեպտեմբերի վերջին կլինի, բայց թե ինչ մեքենա է լինելու մենք տեղյակ չենք, սպասում ենք»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու է միայն այս խմբակցությանը հնամաշ մեքենա տրամադրվել՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց ժողովրդական խոսքով. «Շատ աշխատողին շալե շապիկ: Մյուս խմբակցությունների համեմատ մենք բավականին հարցերում հետամուտ ենք լինում, քաղաքի խնդիրներն ենք վեր հանում, երեւի թե հնամաշ մեքենա տրամադրելով մեզ ուզում են պատժել, պարզունակ հաշվարկ է»:
Նշենք, որ «Հայկական ժամանակ»-ը գրել էր.««Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը նոր մեքենա կունենա, ասել է Տարոն Մարգարյանը: Ի դեպ, «Բարև Երևան»-ին տրամադրվել էր «պայթած», հնամաշ 31-10 մակնիշի մեքենա:
«2014 թվականի բյուջեից մենք «Բարև Երևան»-ի համար նոր մեքենա գնել ենք նախատեսում, գործընթացն ավարտվել է, մնում է մեքենան....»,- ասաց Տարոն Մարգարյանը, ով, սակայն չգիտեր, թե ինչ մակնիշի է լինելու այն, միայն ասաց, որ կլինի այնպիսին, ինչպիսին մյուս խմբակցություններինն է, իսկ մյուս խմբակցություններինն էլ «Hyundai» է:





























