Հունիսի 19-ին, ժամը 01.59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Անդրանիկի եւ Րաֆֆու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրասպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
NEWS.am-ը ԱԻՆ «Արտակարգ ալիք» կենտրոնից տեղեկանում է, որ ժամը 02.00-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` «Մոսկվիչ» մակնիշի 12 ՍԼ 004 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել օղակաձեւ խաչմերուկի սյունաշարին, ինչի հետեւանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:
Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը, շտապօգնության բրիգադի կողմից ավտոմեքենայից դուրս է բերվել Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ, 29-ամյա Սեդրակ Հովհաննիսյանը եւ տեղափոխվել Երեւանի «Մալաթիա» բժշկական կենտրոն: Հիվանդանոցի ճանապարհին Ս. Հովհաննիսյանը մահացել է:
Նույն օրը, ժամը 01.10-ին ահազանգ է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Ստեփանավան քաղաքի Հարությունյան եւ Բաղրամյան փողոցների խաչմերուկում, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ «Ֆորդ» մակնիշի LIG 147 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետեւանքով Ստեփանավանի բնակիչներ՝ վարորդ, 26-ամյա Վահե Այվազյանը, ուղեւորներ՝ 18-ամյա Արթուր Ղարիբյանը եւ 24-ամյա Հովհաննես Թումանյանը, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, Վ. Այվազյանը եւ Ա. Ղարիբյանը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել Ստեփանավանի հիվանդանոց: Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Հ. Թումանյանը եւ հանձնվել շտապօգնության բրիգադին:
Հիվանդանոցի ճանապարհին Վ. Այվազյանը եւ Հ. Թումանյանը մահացել են:
Ըստ բժիշկների՝ Ա.Ղարիբյանի վիճակը գնահատվում է կայուն ծանր. տուժածի կյանքին վտանգ չի սպառնում:


























