Շիրակի մարզի Ամասիա համայնքն այսուհետեւ ամբողջովին հիմնանորոգված արվեստի դպրոց եւ նորակառույց ֆուտբոլի մարզադաշտ կունենա:

Մարզադաշտի կառուցման ծրագիրն իրականացրել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Յուքոմ» ընկերությունը: Ծրագիրը մեկնարկել է 2013թ. սեպտեմբերին, ավարտվել՝ 2014թ. սեպտեմբերին:

Ամասիայի արվեստի դպրոցի հիմնանորոգումը կատարվել է «Յուքոմ» ընկերության ֆինանսավորմամբ՝ 2013թ.: Արդյունքում իրականացվել են ներքին հարդարման, ջեռուցման, ջրամատակարարման և գազաֆիկացման աշխատանքներ, փոխվել են պատուհանները: Արվեստի դպրոցը հնարավորություն ունի սպասարկել Ամասիայի տարածաշրջանի համայնքների 200 երեխայի: Այժմ դպրոց է հաճախում 92 երեխա:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, այցելել է արվեստի դպրոց եւ մասնակցել նորակառույց ֆուտբոլի մարզադաշտի բացման արարողությանը: Ամասիայում նախագահը ծանոթացել է նաեւ ՀՍՆՀ ծրագրով կառուցվող մարզամշակութային կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին:

Մարզամշակութային կենտրոնի շենքը կառուցվել է 1976թ.-ին: ՀՍՆՀ-ի (Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի) ծրագրով նախատեսվում է ապամոնտաժել գոյություն ունեցող թիթեղյա տանիքը, ծածկերը, քարե պատերը, փոխարինել հատակները, դռները և լուսամուտները, անցկացնել ջրամատակարարման, կոյուղու, էլեկտրասնուցման և գազամատակարարման ցանցեր, ջեռուցման համակարգ: Ծրագիրը մեկնարկել է 2013թ. նոյեմբերին, նախատեսվում է այն ավարտել 2014թ. հոկտեմբերին:

Շիրակի մարզ այցի ժամանակ նախագահը նաեւ Աշոցք համայնքում ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակում համայնքում կառուցված դպրոցի բացման արարողությանը:

360 աշակերտի համար նախատեսված դպրոցի կառուցման  ծրագիրը մեկնարկել է 2011թ. հուլիսին, ավարտվել՝ 2014թ. հուլիսին: Այժմ դպրոցն ունի 261 աշակերտ:

Աշոցքում Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզ: Հիմնանորոգման ծրագրի արդյունքում համայնքի նախադպրոցական տարիքի մոտ 115 երեխաներից 90-ն այժմ հաճախում է մանկապարտեզ:

Նախագահր նաեւ ներկա է գտնվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ «Հայկական ֆուտբոլի ստրատեգիական զարգացման ծրագրի» շրջանակում կառուցված Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի բացման արարողությանը:

Սերժ Սարգսյանը այցելել է նաեւ տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող «Լենտեքս» ընկերություն, ընկերության գործունեությանը և զարգացման ծրագրերին: Ընկերության արտադրանքն իրացվում է ՀՀ-ում և ԼՂՀ-ում, որոշակի քանակով արտահանվում է Ֆրանսիա, Վրաստան, Ռուսաստան և Միացյալ Արաբական Էմիրություններ:

 2012-2014թթ., կատարելով մոտ 600 մլն դրամի ներդրումներ, ընկերությունը կառուցել է նոր արտադրամաս, որոնց շնորհիվ ընկերության արտադրանքը դարձել է ավելի մրցունակ: Ներկայումս ընկերությունում աշխատում է մոտ 200 մարդ՝ 70 հազ. դրամ միջին աշխատավարձով: