Աղիքային սինդրոմով Քաջարան քաղաքից Կապանի բժշկական կենտրոն տեղափոխված բոլոր յոթ երեխաները դուրս են գրվել, հիվանդանոցում շարունակում են մնալ միայն յոթ մեծահասակներից երկուսը։ Այս մասին Սյունիքում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲԿ տնօրեն Սմբատ Օրբելյանը:
Նրա խոսքով՝ բոլոր հոսպիտալացվածները բուժում են ստացել 4-5 օրում, ջրից վարակի տարածման վարկածը հերքվել է։
«Ընդունել ենք որպես աղիքային սինդրոմով հիվանդներ, բայց հետազոտությունների արդյունքում աղիքային վարակը չի հաստատվել»,- ասաց բժշկական կենտրոնի տնօրենը:
Սմբատ Օրբելյանի խոսքով՝ վարակը ջրի հետ չի կապելն ի սկզբանե սխալ է եղել, քանի որ նման դեպքերում հիվանդները պետք է նույն աղբյուրից օգտվեին, բայց նրանք տարբեր թաղամասերից են եղել:
«Գիտեմ, որ դա էլ են ստուգել, ջուրը որևէ խնդիր չի ունեցել: Ես մտածում եմ, որ ինչ որ վիրուսային վարակ կա, որն ընթացել է աղիքային սինդրոմով: Իրավիճակը վերահսկվում է, նոր հիվանդներ չկան»,- ավելացրեց Կապանի բժշկական կենտրոնի տնօրենը:





























