Վիետնամի ոստիկանությունը որոնում է 400 հիվանդների, որոնք փախուստի են դիմել Հայֆոն քաղաքում գտնվող թմրամոլների վերականգնողական կենտրոնից, հաղորդում է BBC-ն:

Տեղի իշխանությունների տվյալներով՝ հիվանդները, սպառնալով կենտրոնի անվտանգության աշխատակիցներին, բացել են դարպասները եւ լքել վերականգնողական կենտրոնը:

Հաղորդվում է նաեւ, որ փախուստի դիմածները վնասել են հարակից տները: Իշխանությունները հրահանգել են փակել այդ շրջանում գտնվողն խանութներն ու այլ հաստատությունները:

Փախուստի դիմածներից 30-ն ինքնակամ վերադարձել են վերականգնողական կենտրոն:

Նշենք, որ Վիետնամում թմրամոլներին պարտադրում են վերականգնողական կենտրոններում երկամյա բուժման կուրս անցնել, սակայն հաճախ այդպիսի կենտրոններում պայմանները բազմաթիվ բողոքների ու քննադատության հիմք են դառնում: