Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում պարգեւատրել է  Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցույթի 2014թ. հաղթողներին՝ Ֆելիքս Ահարոնյանին, Իգոր Կարաչենցևին և Բրենթ Թալիին:

Նշենք, որ  Ֆելիքս Ահարոնյանն առաջադրվել է Լինչեի ազգային ակադեմիայի (Իտալիա) կողմից «Բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկ համակարգի մշակման մեջ առաջատար դերի համար», իսկ Իգոր Կարաչենցևը և Բրենթ Թալին առաջադրվել են Հատուկ աստղադիտարանի (Ռուսաստան) կողմից «Տեղական տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար»: Մրցանակը 500 հազար ԱՄՆ դոլար է, որից 250 հազարը տրվեց Ֆելիքս Ահարոնյանին, իսկ մնացածը հավասարապես բաշխվեց մնացած երկու հաղթողներին:

«Արդեն երրորդ անգամն է, որ մենք հարգանքի տուրք ենք մատուցում խոշորագույն գիտնականների: Ակնհայտ է, որ երկրի զարգացման կարևորագույն չափորոշիչներ են ստեղծագործական արդյունքները, համարձակ նախաձեռնությունները, մտքի թռիչքը: Սահմանելով Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ՝ մենք լիովին գիտակցում էինք նրա հեղինակության կարևորությունը. բացի դրամական բաղադրիչից, մրցանակի արժեքն են նաև գիտական հանրության կողմից նրա ընդունումը, ճանաչված գիտնականների անունները, ովքեր կդառնան դափնեկիրներ և իրենց արժանի տեղը կգտնեն Վիկտոր Համբարձումյանի փառապանծ անվան կողքին»,- իր ելույթում ասաց Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝  մրցանակի արժեքը կախված է մրցանակակիրների գիտական մակարդակից. որքան բարձրակարգ գիտնականներ են շահում մրցանակը, այնքան աճում է նրա նկատմամբ վստահությունն ու նրա միջազգային վարկը:

«Ներկայացված աշխատանքների գիտական փորձաքննությունն ամբողջովին վստահված է միջազգային հանձնաժողովին, որի անդամներն են աշխարհահռչակ և, ակնհայտ է, միևնույն ժամանակ, խիստ անաչառ ու բծախնդիր գիտնականներ, որոնց որոշումից են կախված թե՛ տվյալ տարվա մրցանակակիրների ընտրությունը, թե՛ մրցանակի հեղինակության հետագա ամրապնդումը»,-հավելեց նախագահը:

Նախագահը կարեւորեց նման մրցանակաբաշխությունները գիտության ոլորտում.«Շատերը հարցնում են, թե այդ ինչպես է, որ աշխարհի մասշտաբներով փոքրիկ երկիր Հայաստանը սահմանել է այսպիսի խոշոր գիտական մրցանակ: Լինելով երիտասարդ պետություն՝ Հայաստանն ամենադժվարին պահերին էլ, ներկայումս էլ, շարունակում է կարևորել գիտության զարգացումը, շարունակում է իր ուրույն տեղն ունենալ գիտական աշխարհում: Այս ամենի հետ մեկտեղ մենք հասկանում ենք, որ դեռևս շատ անելիքներ կան մեր երկրում գիտնականի արդյունավետ աշխատանքն ու արժանավայել կյանքն ապահովելու, գիտական հիմնարկները ժամանակակից սարքավորումներով հագեցնելու, երիտասարդ կադրերի ներհոսք ապահովելու, և ընդհանրապես գիտության զարգացման ուղղությամբ մենք դեռևս շատ անելիքներ ունենք»:

Նշենք, որ բոլոր մրցանակակիրներն էլ աշխատում են ժամանակակից աստղագիտության ամենաառաջավոր ճակատում, երեքն էլ բազմաթիվ գիտական հայտնագործությունների հեղինակներ են:

Նշենք, որ հանձնաժողովի նախագահի՝ 2014թ. մրցանակի համար հանձնաժողովը աշխարհի տարբեր երկրներից ստացել է ականավոր գիտնականների և գիտական խմբերի 7 առաջադրում Ռուսաստանի Դաշնությունից (2 առաջադրում), ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Իռլանդիայից, Գերմանիայից, Ուկրաինայից: Վերոնշյալ երեք գիտնականների ընտրությունը կատարվել է ներկայացված բոլոր աշխատանքների ուսումնասիրության, ինչպես նաև անկախ գրախոսների կարծիքների հիման վրա: