2013թ. Հայաստանից ժամանումների եւ մեկնումների բացասական հաշվեկշիռը ավելի բարձր է, քան 2008թ.-ին: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության եւ մարդահամարի բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նա նշեց, որ 2008թ. մեկնումների եւ ժամանումների բացասական հաշվեկշիռը կազմել է 23,1 հազար մարդ (ժամանել է 1397 եւ մեկնել 1420 հազար մարդ): Իսկ 2013թ. այդ թիվը հասել է 32,2 հազարի (համապատասխանաբար 1297 եւ 1329 հազար մարդ): Ճիշտ է, 2010-2011թ.-ի «հատակն» արդեն անցած է. այդ տարիներին բացասական հոսքը կազմել է 46,7 եւ 43,8 հազար: Նկատենք, որ 2007թ.-ին բացասական հաշվեկշիռը կազմել է ընդամենը 3,2 հազար մարդ:
Մասնագետը նկատեց, որ այս ողջ ծավալը չի կարելի համարել արտագաղթ: «Քաղաքացիները կարող են մեկնել եւ հետ վերադառալ, ենթադրենք 2 ամիս անց: Կամ ժամանել դեկտեմբերին եւ հետ վերադառնալ հունվարին», - հավելեց նա:
Հայաստանի Միգրացիոն ծառայության մեթոդաբանությամբ՝ արտագաղթող է համարվում 6 եւ ավելի ամիս ժամկետով երկրի սահմաններից դուրս գտնվող քաղաքացին:



























