Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ցանկանում է, որ քառյակը մնա՝ պատճառաբանելով, որ այս դեպքում իշխող կուսակցությունն ավելի զգաստ է եւ ավելի արդյունավետ է գործում։ Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ մեկնաբանելով քառյակի հանրահավաքը, որին չի մասնակցելու ՀՅԴ-ն։ 

«Չեմ ուզում մեկնաբանել, թե քառյակը եռյակ է մնացել, թե հնգյակ կդառնա։ Մեզ համար ձեռնտու է, որ քառյակը մնա, որովհետեւ նրանց աշխատանքը մեզ ավելի զգաստ է պահում եւ մենք ավելի լավ ենք գործում։ Հետաքրքիր է, որ եռյակն է մասնակցում հանրահավաքին, բայց ելույթ է ունենալու քառյակի անունից։ Հետաքրքիր է նաեւ, որ քառյակի մեջ որոշում է կայացրել եռյակը»,- ասաց նա։

Նշենք, որ քառյակի հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի տասին, որի ժամանակ ամփոփվելու են կառավարության ներկայացրած տասներկու պահանջների կատարման արդյունքները, ինչպես նաեւ անդրադարձ է լինելու Սահմանադրական բարեփոխումներին։

Հիշեցնենք, որ քառյակն իր կետերը հրապարակել է հունիսի 10-ին եւ ժամանակ տվել իշխանություններին՝ իրենց պահանջները կատարելու համար:

Այդ կետերը վերաբերվում են կուտակային կենսաթոշակային համակարգին, շրջանառության հարկին, կարմիր գծանշումներին, գյուղմթերքի արտադրությանը, «Նաիրիտ» գործարանին, «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի գույքի վաճառքին, տրանսպորտի թանկացմանը,  100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: