Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ինքնաթիռը ստիպված է եղել կրակ բացել, որպեսզի կանգնեցնի Վրաստանի դրոշի ներքո ծով դուրս եկած եւ Կամչատկայի ափերի մոտ սահմանը խախտած նավը: Այս մասին այսօր հաղորդել է ԱԴԾ հյուսիս-արեւելյան սահմանային վարչության մամուլի ծառայությունը:
«Անհայտ նավը, որը չէր պատասխանում մեր հարցումներին, հայտնվել էր Բերինգի ծովի ՌԴ տնտեսական գոտում եւ փորձում էր խուսափել մեր հետապնդումից»,- ասել է մամուլի ծառայության աշխատակիցը: Նրա խոսքով, 20-ժամյա հետապնդումից հետո, դեպքի վայր է ժամանել ՌԴ ավիացիային պատկանող Ան-72 ինքնաթիռը, որը նախազգուշական կրակոց է արձակել, որից հետո միայն նավը կանգ է առել` սպասելով պարեկային ծառայությանը:
Ստուգումից հետո սահմանապահները պարզել են, որ նավը սարքավորված է ձկնորսության եւ կենդանի խեցգետիններ տեղափոխելու համար։ Պատկանում է Բաթումի նավահանգստին եւ ծով է դուրս եկել վրացական դրոշի ներքո:
Կատարվում է ադմինիստրատիվ քննություն: Նավը կալանված է:



























