Յուրաքանչյուր տարի Անկախության օրվա նախաշեմին` սեպտեմբերի 19-ին, Հայաստանում նշվում է Քաղաքացիական հասարակության (ՔՀ) օրը:

Այս առնչությամբ «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք»  նախաձեռնող խումբը հաղորդագրություն է տարածել, որոըւմ ասվում է.

«Այս տոնը կոչված է բնակչության լայն շերտերի շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը եւ դարձնել նրանց այդ գաղափարի մի մասնիկը: Քաղաքացիական հասարակության 2014թ.-ի տոնակատարության միջոցառումները անցնում են «Հասարակական կազմակերպությունների եւ պետական մարմինների համագործակցությունը` հանուն Հայաստանի քաղաքացիական հասարակության» խորագրի ներքո:

ՔՀ օրվա 2014թ.-ի միջոցառումները կազմակերպվում են «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» նախաձեռնող խմբի կազմում ընդգրկված կազմակերպությունների համագործակցությամբ, ինչպիսիք են՝ Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամը, ՕՔՍՖԱՄ Հայաստան կազմակերպությունը, Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպությունը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն եւ բազմաթիվ այլ տեղական եւ միջազգային կազմակերպություններ:

Ս.թ.սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ից Քաղաքացիական հասարակության օրվա տոնակատարության միջոցառումների մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կիրականացվի տեղեկատվական արշավ դեպի կառավարության շենք, որի ընթացքում համապատասխան տեղեկատվական թերթիկների եւ երկխոսության միջոցով քաղաքացիներին կներկայացվի ՔՀ օրվա գաղափարախոսությունը՝ նպատակ ունենալով նրանց դարձնել այդ գաղափարի մասնիկն ու կրողը: Արշավը նախատեսվում է սկսել Սարյան 30 հասցեից եւ շարժվել դեպի կառավարության շենք, որից հետո՝ ժամը 14:00-15:00  նախատեսվում է ֆլեշմոբ ակցիա «Երկխոսություն հանուն փոփոխության» խորագրով, որտեղ Քաղաքացիական հասարակության օրվա տոնակատարության միջոցառումներում ներգրավված կազմակերպությունները կառավարության շենքի մոտ կհնչեցնեն արդյունավետ համագործակցության կայացմանն ուղղված իրենց առաջարկները եւ համապատասխան բովանդակությամբ նամակ կհանձնեն կառավարության ներկայացուցիչներին: Ֆլեշմոբ ակցիան կմեկնարկի «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի աջակցությամբ կազմակերպված պարային ներկայացումներով՝ Շենգավիթ վարչական շրջանի պատանեկության ստեղծագործական կենտրոնի սաների կատարմամբ:

Օրը կեզրափակվի երիտասարդական խմբերի համատեղ ֆորումով, որը տեղի կունենա Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Զեյթուն» մշակույթի կենտրոնում: Միջոցառումների շարքում կլինի Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության կողմից կազմակերպվող համատեղ ֆորումը` տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ՀԿ-ների ու այլ գործընկերների մասնակցությամբ:

Քաղաքացիական հասարակության օրվա միջոցառումները կանցկացվեն ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Հայաստանի՝ Վայոց Ձորի, Սյունիքի եւ Լոռվա մարզերում: