NASA-ն խոշոր պայմանագրեր է կնքել Boeing եւ SpaceX ընկերությունների հետ՝  «տիեզերական տաքսիների»-՝ մարդատար տիեզերանավերի կառուցման վերաբերյալ, որոնք արդեն 2017թ. վերջին տիեզերագնացներին կտեղափոխեն  Միջազգային տիեզերակայան:

6,8 միլիարդանոց պայմանագիրը ԱՄՆ-ին կազատի ռուսական «Սոյուզ»-ներից կախվածությունից:

«Նախագահ Օբամայի աշխատակազմն իր աշխատանքի առաջին իսկ օրվանից պարզ հասկացրել էր, որ Մոլորակի խոշորագույն երկիրը չպետք է իր տիեզերական ծրագրերում կախված լինի այլ երկրներից», - ընդգծել է NASA-ն գլխավորող Չարլի Բոլդենը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Boeing եւ SpaceX ընկերությունների արտադրած տիեզերանավերը կարող են տեղավորել յոթ մարդու:

Boeing ձեռնարկությանը նոր ֆինանսավորումը կօգնի ավարտել CST-100 տիեզերանավի վրա աշխատանքները: Այն ուղեծիր է դուրս բերվելու  Atlas V հրթիռի օգնությամբ՝ Ֆլորիդայի Կանավերալ խութից, եւ Երկիր է վերադարձվելու  ջերմային պաշտպանության եւ պարաշյուտների օգնությամբ:

SpaceX ընկերությունն արդեն ունի իր հրթիռը եւ անօդանաչու տիեզերանավ՝ ՄՏԿ բեռներ ուղարկելու համար: