Տիկին Նատալյա, Դուք Հայաստանի միակ թատերական հուշարարն էք։ Ինչպիսի՞ն է այդ գիտակցումը, եւ ինչպիսի՞ առավելություն ու արտոնություններ է տալիս միակը լինելու կարգավիճակը։

Ես հանկարծակի պարզեցի, որ ողջ աշխարհում մնացած 30 պրոֆեսիոնալ հուշարարներից մեկն եմ։ Դա ինձ չի զարմացնում, քանի որ քչերն են ցանկանում իրենց վրա վերցնել այդ «բեռը». Մեր մասնագիտությունը բավականին բարդ ու քիչ վարձատրվող է, ամեն դեպքում՝ Հայաստանում եւ նմանատիպ երկրներում։ Արտոնություններ չեմ նկատել Օպերային թատրոնում աշխատելուս 25 տարիների ընթացքում։ Ես շատ ջերմ հարաբերություններ ունեմ թատրոնի աշխատակազմի եւ ղեկավարության հետ: Միակը, որ այդքան էլ չի բավականացնում՝ ցածր աշխատավարձն է։ Բայց, ամենակարեւորը այն է, որ ես ապրում եմ իմ մասնագիտությամբ, դա իմ «հիվանդությունն» է, որը ուղեկցում է ինձ ողջ կյանքում։ Ինձ օգնում է թատրոնին, արտիստներին, արվեստին պետքական լինելու գիտակցումը։

Ինչո՞ւ ընտրեցիք հենց այս մասնագիտությունը։

Երաժշտությունը մանկուց է շրջապատել ինձ եւ դարձել է ողջ կյանքիս իմաստը։ Ծնողներս դաշնակահարներ էին, նրանք աշխատում էին մեր օպերային թատրոնում ու ես մանկությունս անցկացրել եմ կուլիսների հետեւում, փորձերում եւ պրեմիերաներում։ Ավարտել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, այնուհետեւ՝ թատերական ինստիտուտը։ 8 տարի աշխատել եմ Օպերային թատրոնի երգչախմբում։ Մի շրջան եկավ, երբ բոլոր օպերաները բեմադրվում էին իտալերեն լեզվով եւ հուշարարների հարցում բարդություններ սկսվեցին։ Առաջարկեցի ինձ փորձել այդ կարգավիճակում, եւ մինչ օրս զբաղվում եմ այդ գործով։

Թատրոնի հուշարարի մասնագիտությունը մահանո՞ւմ է։

Կարծիք է տարածվել, որ դա այդպես է։ Եվրոպայի շատ թատրոններում արդեն գոյություն չունի այս մասնագիտությունը։ Իհարկե, ազդում է նաեւ բարձր տեխնոլոգիաների զարգացումը, օրինակ՝ Գերմանիայի շատ թատրոններում բեմահարթակի վերեւում հսկայական էկրաններ են տեղադրված, ուր ենթագրերով (սուբտիտրերով) գրվում է օպերային լիբրետտոն։ Սակայն, կարծում եմ, որ հուշարարների պահանջը օպերային արվեստում դեռ երկար ժամանակ կլինի։ Որովհետեւ՝ հուշարարը ոչ միայն ներկայացման հուշողն է, այլեւ բեմում կատարվող գործողության մասնակիցն է։ Դերասաններին ես փոխանցում եմ օպերաների հերոսների անհրաժեշտ տրամադրությունը։ Հուշարարը նաեւ հոգեբան է՝ հաճախ հանգստացնում ես սկսող կամ շատ անհանգստացող դերասաններին՝ բեմի վրա։ Պետք է կարողանալ յուրաքանչյուրի հետ անհատական շփման մեջ մտնել։ Աշխատանքիս ամենակարեւոր սկզբունքներից մեկը՝ դերասանին չխանգարելն է։ Դա, հիմնականում, վերաբերում է այն ներկայացումներին, որտեղ խտացված ռեչետատիվներ են եւ փոքրաքանակ երաժշտական «բծավորումներ» կան։ Մասնագիտությանս թերություններից են՝ հաճախակի սկսվող ֆարինգիտը եւ նեղլիկ, փոշոտ, անհարմար հուշարարի խցիկը։

Ձեր եղբայրը նույնպես հուշարար է, որը աշխատում է Գերմանիայի թատրոններից մեկում։ Ձեզ մոտ ցանկություն չի՞ առաջացել տեղափոխվել նրա մոտ։ Չէ որ, Ձեր մասնագիտության պահանջարկը մեծ է համարվում բարձր արվեստի օրրան-երկրներում։

Գերմանիայում ես ցնցվեցի նրանց վերաբերմունքից թատրոնի հանդեպ։ Նույնիսկ ամենափոքր թատրոնի խաղացանկը շատ հարուստ է։ Դերասանները, բեմականացումները, դերիժորները եւ այլն, որոնք իսկական արհեստավարժներ են, այնտեղ հաճախակի են փոփոխվում։ Իսկ հանդիսատեսը իրական թատերասեր է։ Այնտեղ ես դիտել եմ «Տրավիատան», բայց, եթե անկեղծ լինեմ, ինձ ավելի դուր է գալիս մերը՝ ռուսերեն եւ իտալերեն լեզուներով։ Գերմանականը փոքր-ինչ կոպիտ է, ոչ երաժշտական, սակայն առավել տեղեկատվական է, ավելի շատ իմաստ է փոխանցում։ Իսկ իտալականը, ռուսականը եւ ֆրանսիականը, հիմնականում, զգացմունքային են։ Ես երբեք չեմ ցանկացել տեղափոխվել արտասահման, որովհետեւ՝ ինչքան էլ դու պահանջված լինես, միեւնույնն է՝ օտար ես նրանց համար։ Բոլորն էլ պիտի ապրեն իրենց կյանքը այնտեղ, որտեղ ծնվել են։

Գերմանիայից հետո համոզվեցի՞ք, որ մենք, ցավոք, շատ ենք հեռու օպերային արվեստի իրական ընկալումից։

Մեր Օպերային թատրոնը հարուստ ավանդույթներ ունի։ Ժամանակին այն մեծ հռչակ է ունեցել, սակայն, ցավոք, հիմա նման բան չկա։ Բոլոր թատերագետները կհամաձայնեն ինձ հետ, որ դրա հիմնական պատճառներից մեկը՝ անկանոն եւ թույլ նյութատեխնիկական հագեցվածությունն է։ Ողջ աշխարհում օպերային թատրոնը կարող է լիարժեք գոյատեւել միայն կայուն պետական լրավճարներով։ Անցյալ տարիներին Օպերային թատրոնը տարվա կտրվածքով մի կերպ «ձգում էր» երկու-երեք ներկայացում։ Այս տարի իրավիճակը, կարծես թե, բարելավվել է՝ 3 նորամուտ է կայացել։ Հուսանք, որ ժամանակի ընթացքում մեր Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային թատրոնը «կհզորանա» եւ կվերադարձնի իր նախկին փառքը։

Ինչի՞ մասին է երազում այսօր Հայաստանի միակ հուշարարը։

Այն ամենը, ինչի մասին երազում էի, համարյա բոլորը իրականացել են։ Շուտով կիրականանա եւս մեկ երազանք՝ աշնանը կսկսենք աշխատանքը Վերդիի «Աիդա»-ի՝ իմ ամենասիրելի օպերայի վրա, այն էլ հրավիրված իտալական ռեժիսորի հետ։ Ես նաեւ շատ եմ ուզում, որպեսզի հայկական մեծ մշակույթը, նրա ընկալումը, գնահատելու եւ զարգացնելու ունակությունը՝ վերածնվի։