Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը հույս ունի, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը չի անդամակցի, որովհետեւ այդ կառույցը քաղաքական է, որեւէ տնտեսական հարց չի լուծում:
«Մեկ տարի անց Մաքսային միությունն ավելի վատն է լինելու, իսկ հայ հասարակության մեծ մասն էլ դեմ կլինի այդ կառույցին անդամագրվելուն: Մենք իրականում ոչ մի ստանալիք չունենք այդ միությունից: Հայ ժողովուրդը պետք է գիտակցի, թե քաղաքական, ֆինանսական, տնտեսական վատ վիճակի փոխարեն ինչ է տալու այդ միությունը: Ռուսաստանն այլեւս չի խոսում հեռանկարների մասին: Այնպես որ այս միությանն անդամագրվելը կործանարար կլինի մեզ համար»,- այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետը:
Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից հետո Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին ռիսկային է լինելու:
«Հայաստանն այլեւս չպետք է հույս դնի Ռուսաստանի վրա: Մենք պետք է փորձենք կապեր հաստատել արտասահմանյան խոշոր ընկերությունների հետ»,- ավելացրեց նա:
Նշենք, որ ԱՊՀ հարցերով Դումայի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին սեպտեմբերի 17-ին հայտարարել էր, որ հոկտեմբերի 9-ին Ռուսաստանին, Բելառուսին եւ Ղազախստանին կմիանա նաեւ Հայաստանը:




























