Էստոնիայում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է երկրի ամենախոշոր ու հեղինակավոր բուհերից մեկը՝ Տարտուի համալսարան, եւ հանդիպում ունեցել ռեկտորի, ղեկավար անձնակազմի եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես, ուսանողների եւ դասախոսների փոխանակման եւ համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման վերաբերյալ: Էստոնական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի բուհերին՝ եվրոպական գիտակրթական նախագծերում ընդգրկվելու հարցում: Հայկական պատվիրակությունն այցելել է նաեւ Տարտուի համալսարանում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան լսարան:
Տարտուի համալսարանում նախարար Արմեն Աշոտյանը հանդես է եկել դասախոսությամբ՝ <ԵՄ-Հայաստան. հարաբերությունների հեռանկարներ գիտակրթական ոլորտում> թեմայով: Նախարարը ներկայացրել է նաեւ Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված մի շարք հարցեր: Դասախոսության ավարտին Ա. Աշոտյանը պատասխանել է նաեւ ներկաների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը: Այդ համատեքստում նախարարը հատուկ ընդգծել է Հայաստանի դերը տարածաշրջանում՝ որպես քրիստոնեական աշխարհի եւ եվրոպական քաղաքակրթական հիմնական հենարան:




























