Իրաքում ճգնաժամը, որտեղ ակտիվ գործում է «Իսլամական պետությունը, այդ երկրի ներքին գործերին Միացյալ Նահանգների միջամտության հետեւանք է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից նման հայտարարություն է արել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը: «Բոլիվիան դատապարտում է ԱՄՆ-ի միջամտությունն Իրաքի իրադրությանը, որը հանգեցրեց այդ երկրի ներկայիս ճգնաժամին, - հայտարարել է նա: - 2003թ. սկսված իրաքյան պատերազմը ապակայունացրեց ամբողջ տարածաշրջանը»:

«Այն ժամանակ պնդում էին, որ Իրաքը մեծ ծավալով զանգվածային ոչնչացման զենք ունի,- ասել է Մորալեսը: - Այդ պնդումները իմպերիալիզմի պատմության ամենամեծ սուտը դուրս եկան: Այդ ստի վրա հիմնվելով՝ խաթարվեց սոցիալական, ազգային եւ կրոնական խմբերի խաղաղ համակեցությունը»:

Նախագահի խոսքով՝ հենց դա վերջնարդյունքում հանգեցրեց ԻՊ-ի ստեղծմանը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Իրաք ներխուժումը, ինչպես նաեւ պատմական շատ այլ դեպքեր, մեզ կարեւոր դաս տվեցին: Դրա էությունն այն է, որ ինչին միջամտում է ԱՄՆ-ն, իր հետեւից թողնում է ավերածություն, ատելություն, տառապանք եւ մահ: Բացի այդ, նրանք հարստություն են թողնում նրանց ձեռքում, ովքեր սնվում են պատերազմներով՝ զենք արտադրողներին եւ նավթային ընկերություններին»,- նշել է Մորալեսը:

Էվո Մորալեսը նաեւ նախազգուշացրել է զերծ մնալ Սիրիայի ներքին գործերին միջամտությունից: «Բոլիվիան կարծում է, որ Սիրիայի ապագան պետք է որոշեն սիրիացիները՝ ժողովրդավարության օրենքներին, ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան», - ընդգծել է նա: