ԱՄՆ-ն Խաղաղ օվկիանոսում աշխարհի խոշորագույն ծովային արգելոցն է ստեղծում՝ 1 մլն 270 քկմ մակերեսով: Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնում է, որ Բարաք օբաման որոշել է համապատասխան փաստաթուղթ ստորագրել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ըստ ԱՄՆ ղեկավարության՝ Հավայան կղզիների եւ Ամերիկյան Սամոայի միջեւ խաղաղօվկիանոսյան շրջանի ներկայիս ազգային ծովային պարկի տարածքն ընդլայնվելու է վեց անգամ եւ ստանալու արգելոցի կարգավիճակ: Այնտեղ գտնվող անմարդաբնակ յոթ կղզիներում, որոնք ԱՄՆ իրավասության տակ են, արգելվում է ցանկացած արդյունաբերական գործունեություն, այդ թվում նաեւ՝ կոմերցիոն ձկնորսությունը եւ օգտակար հանածոների արդյունահանումը:
Ամերիկացի գիտնականները կարծում են, որ այդ շրջանում իր նախնական տեսքով է պահպանվել արեւադարձային ծովային միջավայրը՝ բացառիկ բուսականության, որն անհրաժեշտ է պաշտպանել ցանկացած արտաքին միջամտությունից: Բնապահպանները նաեւ նշել են, որ այնտեղ գտնվող մարջանախութերը հավելյալ պաշտպանություն են պահանջում, քանի որ արդեն ենթակա են քայքայման՝ կլիմայի փոփոխության հետեւանքով:




























