Հայ հանրությունը գոհ է ոստիկանության աշխատանքից եւ խիստ դժգոհ առողջապահության, արդարադատության, կրթության եւ գիտության նախարարություններից:

Այս մասին սեպտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը՝ ամփոփելով մարտ-ապրիլի հարցումների արդյունքները, որի նպատակը իշխանությունների ֆունկցիոնալության մակարդակը պարզելն էր:

Սոցիոլոգը նշել է, որ բնակչությանը հուզող ամենագլխավոր հարցերից է նոր աշխատատեղերի ստեղծումը, կենսաթոշակների, պետաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, կրթության եւ առողջապահական ծառայությունների մատչելիությունը, հարկերի նվազումը եւ գյուղացիներին ու փոքր բիզնեսին պետական աջակցության ցուցաբերումը:

Հարցին, թե ինչպես կարելի է լուծել նշված խնդիրները, 47%-ը, մասնավորապես՝  2056 մարդ, առաջարկել են  վերականգնել գործարանների աշխատանքը՝ թվարկելով այժմ փակ  384 ձեռնարկություն:

Ընդ որում, պատասխանողների 70%-ը խնդիրների պատասխանատու է կարծում նախագահին, վարչապետին եւ ԱԺ խոսնակին:

«Պատասխանող ընտանիքներից միայն 17%-ն են հույսները դնում բացառապես իրենց ուժերի վրա եւ օգնություն չեն ակնկալում բարձր ղեկավարությունից», - նշել է սոցիոլոգը:

Ադիբեկյանն ընդգծել է, որ ամենից արդյունավետ աշխատում են Շիրակի, Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերի տեղական իշխանությունները: Իրադրությունն ամենավատն է Վայոց ձորի եւ Լոռու մարզերում:

Ինչ վերաբերում է Երեւանին, ապա ամենաշատ օգնություն ցուցաբերվում է Ավան, Դավթաշեն եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բնակիչներին, ամենաքիչ՝ Էրեբունու եւ Նորք Մարաշի բնակիչներին:

Նշենք, որ հարցումն անցկացվել է Հայաստանի 82 քաղաքում եւ գյուղերում եւ Երեւանի 12 վարչական շրջանում: Հարցմանը մասնակցել են 18 տարեկանից բարձր  4400 մարդ: